Չափից ավելի մեծ քանակությամբ խաղալիք ունենալը կարող է նպաստել երեխայի մոտ ուշադրության դեֆիցիտի համախտանիշի և վարքի այլ խանգարումների զարգացմանը: Այս մասին զգուշացնում են ԱՄՆ Օհայո նահանգի Տոլեդոյի համալսարանի գիտնականները:
Հետազոտությանը, որի արդյունքները հրապարակվել են Infant Behaviour and Development ամսագրում, մասնակցել է մանկահասակ 36 երեխա, որոնց տարել են 4 կամ 16 խաղալիքով խաղասենյակներ: Պարզվել է, որ խաղալիքների մեծ քանակությունը երեխաներին շեղել է, նրանց ուշադրությունը ցրել և խաղը կարճատև դարձրել: Մյուս խմբի երեխաները, որտեղ ընդամենը 4 խաղալիք է եղել, ավելի կենտրոնացած և կրեատիվ էին:
Գիտնականները ծնողներին, մանկապարտեզների դաստիարակներին և դպրոցների ուսուցիչներին խորհուրդ են տալիս վերացնել խաղալիքների մեծ մասը՝ երեխաների երևակայության և սոցիալականացման զարգացմանը նպաստելու համար:
Գիտնականների խոսքով՝ Բրիտանիայում միջինվիճակագրական երեխան 200-ից ավելի խաղալիք ունի, սակայն մշտապես խաղում է դրանցից միայն մի քանիսով: Մնացյալ բոլոր խաղալիքներն իրականում նրան պետք չեն, դրանք միայն խանգարում են նրա զարգացմանը:
Ուշադրության դեֆիցիտի համախտանիշը զարգացման վարքային խանգարում է, որը մանուկ տարիքում է սկսվում: Ախտանիշներից են՝ ուշադրության կենտրոնացման դժվարությունը, հիպերակտիվությունը և իմպուլսիվությունը: Մեծ տարիքում այսպիսի երեխաների մոտ հաճախ նկատվում է ցածր ինտելեկտ և տեղեկության ընկալման դժվարություն:
med.news.am