Ո՞ւր գնալ, կամ՝ որտեղի՞ց գնել. Հայկական հավելվածը հավաքագրում է բոլոր կարծիքները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ո՞ւր գնալ, կամ՝ որտեղի՞ց գնել. Հայկական հավելվածը հավաքագրում է բոլոր կարծիքները

Հայկական Helpin ստարտափը բոլոր այն մարդկանց համար է, ովքեր չեն կողմնորոշվում, թե ուր է պետք գնալ ընկերների հետ, ովքեր չգիտեն, թե ինչ նոր սրճարաններ կան Երևանում, կամ որտեղ է նպատակահարմար վերանորոգել մեքենան: Helpin-ը խմբագրում է առկա բոլոր կարծիքները:

Հավելվածում բոլոր վայրերը դասավորվում են՝ ըստ օգտատերերի կարծիքների և գնահատականի:

«Ընտրեք ցանկացած խումբ՝ Սնունդ, Գեղեցկություն, Հոթել, Շոփինգ, Երեխաների համար, Ֆինանսական հաստատություններ, ինչպես նաև՝ ցանկացած այլ խումբ,  և  կտեսնեք լավագույն վայրերը՝ դասավորված ըստ գնահատականի»,- առաջարկում են հավելվածի հեղինակները:

Ստարտափի համահիմնադիր Ամատունի Մովսիսյանը 168.am-ի հետ զրույցում նշում է, որ իրենք նպատակ ունեն հավելվածը դարձնել օգտատերերի օգնական, որպեսզի մարդկանց համար հեշտ լինի կողմորոշվել՝ հիմնվելով մյուսների կարծիքների վրա:

«Հավելվածի միջոցով կարող եք հետևել տարբեր կարծիքների: Ոչ թե հարցնել ընկերոջը, այլ ամբողջովին անծանոթ մարդկանց: Սա կօգնի որոշում կայացնել ոչ թե ինչ-որ մեկի սուբյեկտիվ կարծիքի հիման վրա, որը կարող է սխալ լինել, այլ տարբեր մարդկանց կարծիքներով»:

Ըստ Ամատունի Մովսիսյանի՝ շատ կարևոր է օգտատերերի դերը, քանի որ հավելվածն օգտագործելիս նրանք պետք է գրեն իրենց անկեղծ կարծիքներն այցելած վայրերի մասին:

«Հավելվածը լավ հնարավորություններ է տալիս նաև բիզնեսներին, ովքեր կարող են տեղեկություններ տալ իրենց մասին:

Հավելվածի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն  ոչ միայն առաջարկում է հարմար վայրեր, այլև ցույց է տալիս ձեզ ամենամոտ կետերը, և՝ ինչպես է պետք հասնել դրանց»:

Ամատունի Մովսիսյանի խոսքով՝ աշխարհում շատ կան նման հավելվածներ, բայց իրենք չգիտեն Հայաստանում ևս մեկ հավելված, որը տրամադրի մանրամասն տեղեկատվություն բոլոր ոլորտների մասին:

«Սփյուռն ունի լավ բազա, բայց դրանք միայն կապի մասին տեղեկություններ են: Մեզ մոտ վիճակագրությունը ձևավորվում է օգտատերերի կարծիքների և գնահատականների վերլուծությամբ»:

Helpin-ը հետագայում  նախատեսում է առաջարկել օգտատերերին այցելելու վայրեր՝ կախված նրանից, թե ինչ են նրանք փնտրում ամենից շատ:

 

Հավելվածը նոր է: Առաջին տարբերակը թողարկվել է նախորդ տարվա նոյեմբերին:

«Նախորդ տարբերակում ինտերֆեյսի լուծումները շատ մարդկանց համար հասանելի չէին: Մարդիկ չէին կարողանում գլխի  ընկնել, թե ինչպես պետք է հասնեն իրենց նպատակին: Մենք որոշեցինք տալ նոր լուծումներ:

Առաջին տարբերակում չկար թիմ հասկացությունը: Կային տարբեր մարդիկ, ովքեր աշխատում էին տարբեր հարթակներում: Երկրորդ տարբերակից առաջ որոշեցինք հավաքել թիմ, որտեղ կլինեին մարդիկ, ովքեր սրտացավ են: Հավաքվեց 7 հոգանոց թիմ:

Երկրորդ տարբերակի վրա սկսեցինք աշխատել հուլիսից և ավարտեցինք այն նոյեմբերին»:

Ամատունի Մովսիսյանը նշում է, որ հավելվածի վրա պարբերաբար կատարվելու են փոփոխություններ:

«Դեռ կան շատ գործառույթներ, որ պետք է ավելացնել: Ամեն անգամ փորձելու ենք ինչ-որ խնդիր լուծել»,- նշում է Ամատունի Մովսիսյանը:

Նշենք նաև, որ հավելվածը հասանելի է և՛ Android-ի, և՛ iOS-ի օգտատերերի համար:

Սիրարփի Աղաբաբյան