Հանգուցյալի իրերը պե՞տք է պահել տանը. էզոթերիկի կարծիք
Advertisement 1000 x 90

Հանգուցյալի իրերը պե՞տք է պահել տանը. էզոթերիկի կարծիք

Հասարակության մի մասը կարծում է, որ հանգուցյալի իրերը պետք է պահել տանը, մյուս մասը վստահ է, որ դրանցից պետք է անպայման ազատվել։ Էզոթերիկ-աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանի խոսքով` այս հարցում իր դերն ունի սնահավատությունը։

Օրինակ, եթե մարդն ինքնաթիռ է նստում` չիմանալով, թե ինչպես է աշխատում մեխանիզմը, ապա նույնիսկ ֆոբիա ունենալու դեպքում ստիպված է լիովին վստահել օդաչուին։ Իսկ այն մարդիկ, որոնք հասկանում են` ինչպես է աշխատում օդանավը, տագնապի զգացողություն չեն ունենում, որը բացասական էներգիա է առաջացնում։

Նրա խոսքով, նույնը կարելի է ասել նաև հանգուցյալի իրերի վերաբերյալ։ Հովհաննիսյանը կարծում է, որ այդ իրերը պահող մարդը հիշողությունների գերի է դառնում։

Հիշողությունը նույնպես էներգիայի տեսակ է, որը յուրաքանչյուրը կարող է զգալ։

«Մենք հիշում ենք որևէ լավ կամ վատ բան։ Իսկ ինչ վերաբերում է հանգուցյալի իրերին, այստեղ արդեն կորստի էներգիա կա։ Ուղեղը մեխանիկորեն հիշում է այն ամենը, ինչ կապված է կորստի հետ», — ավելացրեց Հովհաննիսյանը։

Հանգուցյալի իրերը կարող են նրա հետ կապված տարբեր խնդիրների մասին հիշեցնել ընտանիքի անդամներին։ Սա նույնպես բացասական ազդեցություն է ունենում մարդու տրամադրության վրա։

Աստղաբանը կարծում է, որ բոլոր իրերը պահելն անիմաստ է։ Նման ֆետիշիզմն անիմաստ է։

«Իրականում նման սնահավատությունների հակված են հիմնականում անգրագետ մարդիկ», — ասաց նա։

Էզոթերիկը խորհուրդ է տալիս պահել միայն այն իրերը, որոնք սիրելի են։ Իսկ դրանց հետ խոսել չի կարելի, որովհետև բացասական էներգիա է առաջանում։

«Բերեմ մեկ այլ օրինակ։ Տանը կան նաև հին իրեր, որոնք պետք է դեն նետել, բայց ձեռքդ չի գնում։ Ասես հենց իրը թույլ չի տալիս այդ քայլին դիմել։ Անպետք իրերը պարզապես «ուտում են» մարդու էներգիան», — նշեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Հովհաննիսյանը նաև ավելացրեց, որ հանգուցյալի իրերից ազատվելը կազատի նաև բացասական էներգիայից, բայց յուրաքանչյուր մարդ, միևնույն է, իրավունք ունի անելու այն, ինչ ցանկանում է։

armeniasputnik.am