Շատ ծնողներ իրենց պարտավորված են զգում երեխաներին պաշտպանել այնպես, որ նրանք առավելագույնս հանգիստ, թեթև ու երջանիկ կյանք ունենան: Եվ դա նորմալ է: Բոլոր մայրերն ու հայրերը միայն լավագույն նպատակներ են հետապնդում, բնականաբար, բայց ոչ միշտ նրանց վարքագիծը կարող է ունենալ դրական արդյունք: Ստորև ներկայացնում ենք ծնողական ամենատարածված 6 սխալները, որոնք նրանք թույլ են տալիս դաստիարակության ընթացքում: Երբեմն Ձեր որոշ գործողություններ ավելի շատ վնաս կարող են բերել, քան օգուտ:
- Պատրաստում ենք այն, ինչ իրենք են ուզում
Եթե Դուք համեղ ճաշ եք պատրաստել ամբողջ ընտանիքի համար, իսկ Ձեր 5 տարեկան երեխան պահանջում է մեկ այլ կերակուր, վատագույնը, որ Դուք կարող եք անել, նրա համար առանձին ինչ-որ բան պատրաստելն է: Դա բացասական ազդեցություն կթողնի Ձեր երեխայի սովորությունների ձևավորման վրա: Այդ դեպքում ողջ կյանքում նա դժգոհ կլինի իրեն մատուցված ճաշից: Եթե նա այնքան մեծ է, որ կկարողանա ինքնուրույն պատրաստել իր ուզածը, խնդիր չէ, հակառակ դեպքում՝ Դուք պարտավոր չեք կատարել նրա պահանջները:
- Հավաքում ենք նրա թափածը
Շատ ծնողներ գիտեն, որ այնքան էլ հեշտ բան չէ երեխաներին ստիպել հավաքել իրենց թափած իրերը: Հաճախ դա ավարտվում է վեճերով և արցունքներով: Սակայն դա շատ կարևոր դաս է նրանց համար: Օգնեք նրանց տունը հավաքել և վաղ մանկությունից սովորեցրեք կատարել տնային կենցաղային գործեր:
- Նրանց փոխարեն անում եք տնային աշխատանքը
Որպես ծնող` Դուք կարող եք մտածել, որ այդ կերպ օգնում եք Ձեր երեխային, քանի որ ավելի լավ գիտեք, թե ինչպիսին է իրավիճակը դպրոցում: Բայց չէ՞ որ Դուք վաղուց եք դպրոցն ավարտել: Նրանց փոխարեն տնային առաջադրանքներն անելով` Դուք նրանց արջի ծառայություն եք մատուցում: Ձեր որդուն կամ դստերը դրանից ավելի հեշտ չի լինում. Նրանք պետք է սովորեն ինքնուրույն կատարել իրենց պարտականությունները: Տնային աշխատանքը և դրա կատարման ուղիները Ձեր երեխային նախապատրաստում են դիմակայել կյանքի հետագա դժվարություններին: Իհարկե, Դուք կարող եք ինչ-որ բան հուշել կամ ուղղել նրան, բայց մնացած ամեն ինչը նա պետք է ինքն անի:
- Պլանավորում եք նրանց օրը
Բոլոր ծնողներն ուզում են, որ իրենց երեխաներն ամենալավն ու ամենատաղանդավորը լինեն, սակայն, եթե Դուք պլանավորում եք նրանց օրը և պարտադրում եք հաճախել զանազան սեկցիաներ և խմբակներ, ոչ մի լավ բանի դա չի հանգեցնի: Շատ հաճախ մայրերն ու հայրերն ուզում են իրականացնել իրենց չիրականացված երազանքներն իրենց երեխաների միջոցով` պարտադրելով նրանց ֆուտբոլ խաղալ կամ բալետով զբաղվել: Բայց կարևոր է հասկանալ, թե ինչ է իսկապես դուր գալիս իրենց երեխաներին, և ինչով են նրանք իրականում ուզում լցնել իրենց օրը: Թույլ տվեք, որ դա նա ինքն ինքնուրույնաբար որոշի:
- Հագցնում եք նրանց
Մենք հիմա ամենափոքր երեխաների մասին չենք խոսում, սակայն ավելի մեծ տարիքի երեխաները պետք է այնպես հագնվեն, ինչպես իրենք են ուզում: Մանկաբույժները կարծում են, որ հագուստի ընտրությունը երեխայի զարգացման և անձնական աճի մի մասն է կազմում: Այդպիսով երեխաների մոտ անհատական ճաշակի զգացողություն է ձևավորվում:
- Լուծում եք նրանց բոլոր խնդիրները
Սա, ըստ երևույթին, ծնողների կողմից արվող ամենատարածված սխալն է: Իհարկե, նրանք միայն լավագույնն են ուզում իրենց երեխաների համար և այդ պատճառով էլ փորձում են նրանց պաշտպանել դժվարություններից: Բայց երեխաների համար կարևոր է սովորել լուծել իրենց խնդիրներն առանց կողմնակի օգնության: Դա նրանց սովորեցնում է կոմպրոմիսի գնալ, ինչպես նաև՝ ականջալուր լինել այլոց խնդիրներին:
Հիշեցեք այս մասին և աշխատեք խուսափել դրանցից ձշՁեր երեխաներին դաստիարակելիս: Երբեմն նույնիսկ մանրուքները հետագայում օգտակար են լինում: Թողեք, որ Ձեր երեխաները սխալներ գործեն ու ուղղեն դրանք: Ուղղակի եղեք նրանց կողքին ամենադժվար պահերին, իսկ Ձեր սերն ու ուշադրությունը լավագույնն է, որ Դուք կարող եք տալ Ձեր երեխաներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը