Խելացի գադջետները գրավում են աշխարհը: Այժմ կարելի է գտնել ցանկացած խելացի սարքավորում՝ շապիկներ, շշեր, զարթուցիչներ և այլն:
Վերջին տարիներն աշխարհում ներկայացվել են մի շարք խելացի մահճակալներ և օրորոցներ, որոնք, սակայն, կենտրոնացած էին կոնկրետ լուծումների վրա: Օրերս Հայաստանում ևս ներկայացվել է խելացի օրորոց՝ Cribby-ն, որ իր լուծումներով ավելի ամբողջական է:
Օրորոցը թույլ կտա ծնողներին սմարթֆոնի միջոցով ծանոթանալ երեխայի ակտիվությանը, իմանալ, թե երբ է նա լաց լինում, շարժվում: Տեսախցիկի միջոցով ծնողները կարող են հետևել երեխային:
Երբ ծնողը հեռու լինի, օրորոցը կարող է հեքիաթ պատմել երեխային, ընթերցել աուդիոգրքեր, միացնել երաժշտությունը: Օրորոցի ձայնադարանում արդեն իսկ կան տարբեր ազգությունների երգեր՝ հայկական, նորվեգական, ռուսական, բրազիլական, պարսկական, արաբական և այլն:
Օրորոցին կցված խնամքի սեղանի վրա կարելի է կշռել երեխային՝ հետևելով աճին:
Երեխայի աճին կարելի է հետևել նաև ամպային պահոցների միջոցով, որտեղ հավաքագրվելու են երեխայի մասին տվյալները:
Նախագծի հեղինակները նշում են, որ իրենք նպատակ ունեն հեշտացնել ծնողների գործը:
Պարզելու համար, թե որքանով է տեխնիկական առումով օրորոցը մրցունակ՝ զրուցել ենք օրորոցի տեխնիկական մասի համակարգող Աշոտ Գասպարյանի հետ:
Աշոտ Գասպարյանի խոսքով՝ ամբողջ կոնցեպտը կարելի է բաժանել 3 մասի՝ օրորոցի համակարգ (ներքին համակարգիչ, սենսորներ) , ամպային սերվիս (սերվերներ) և բջջային հավելված:
«Այսինքն՝ մենք հավաքագրում ենք և նախնական մշակում ենք կատարում հենց օրորոցում բոլոր ստացված տվյալները, որից հետո նրանք ուղարկվում են ամպային պահոց (clound) և պահպանվում այնտեղ: Միաժամանակ անհրաժեշտ տվյալները հասնում են օգտատիրոջ հեռախոսին և տեղեկացնում նրան տարբեր գործողությունների մասին, որը կատարվում է օրորոցում»:
Խոսելով արդեն իսկ ներկայացված խելացի օրորոցների մասին՝ Աշոտ Գասպարյանը նշում է, որ իրենք առաջին հերթին տարբերվում են սենսորների բազմազանությամբ հենց օրորոցում:
«Փորձել ենք զետեղել հնարավոր բոլոր այն սենսորները, որոնց կարիքն ունեն ծնողները:
Ունենք բավարար հաշվարկային հզորություն թե՛ օրորոցում, թե՛ ամպային սերվերում անհրաժեշտ վերլուծություն կատարելու համար:
Հավաքագրված տվյալների հիման վրա կարող ենք տրամադրել այդ վերլուծությունը ծնողներին, իսկ նրանք կկարողանան տրամադրել այն իրենց մանկաբույժներին, եթե, իհարկե, դրա կարիքը լինի»:
Սա օրորոցի միակ առավելությունը չէ: Օրորոցի համակարգն օրվա ընթացքում կարող է նկարել երեխային հարյուրավոր անգամ և տրամադրել ծնողներին այդ նկարները պահպանման համար:
«Օրորոցի առավելություններից է ամենօրյա ֆոտոալբոմ ստեղծելը, որպեսզի ծնողները տեսնեն երեխայի աճի դինամիկան և, իհարկե, արհեստական բանականության ներդրումը համակարգում՝ նույն անալիտիկ տվյալների ճիշտ մշակման համար»,- նշում է Աշոտ Գասպարյանը:
Սիրարփի Աղաբաբյան