Կյանքը հյուգգե ոճով (կամ երջանկության դանիական գաղտնիքը)
Advertisement 1000 x 90

Կյանքը հյուգգե ոճով (կամ երջանկության դանիական գաղտնիքը)

2016 թվականին «Օքսֆորդի բառարանը» «հյուգգե» բառն ընդգրկել էր տարվա գլխավոր բառերի ցանկում: Եվրոպական լեզուներով այն օգտագործվում է առանց թարգմանության՝ հենց «հյուգգե», որովհետև այդ հասկացությունը հնարավոր չէ բառացի թարգմանել, դրա իմաստը երկու բառով չես արտահայտի:

«Հյուգգեն» (Hygge) դանիացիների համար բարեհաջողության, հարմարավետության և բարեկեցության յուրօրինակ համադրություն է: Դրա նկատմամբ այսօր ողջ աշխարհում աճում է հետաքրքրությունը: Լրագրողները Դանիայում ճամփորդելով փնտրում են այն, Մեծ Բրիտանիայի քոլեջներից մեկում դանիական հյուգգեի կուրս են դասավանդում, աշխարհով մեկ բացվում են խանութներ և սրճարաններ հյուգգե ոճով:

Իսկ ինչպե՞ս ստեղծել «հյուգգե»: Այդ մասին անգլերեն լեզվով արդեն տասնյակ գրքեր են գրվել: Դրանցից ռուսերեն է թարգմանվել Մայք Վիկինգի «Hygge. Դանիական երջանկության գաղտնիքը» («Hygge. Секрет датского счастья») գիրքը: Ներկայացնում ենք 8 խորհուրդ այդ գրքից:

Մայք Վիկինգ. գրող, երջանկության ուսումնասիրության դանիական Ինստիտուտի հիմնադիրն ու ղեկավարը:

Մեջբերում գրքից. «Հյուգգեն ոչ այնքան իրերն են, որքան մթնոլորտն ու զգացողությունները: Այն մարդկանց մտերմությունը, ում սիրում ենք: Տան զգացողությունը: Հանգստի և անվրդովության զգացողությունը, երբ, կյանքի տագնապներից պաշտպանված, կարող ենք մեզ թույլ տալ թուլանալ, երբ կարելի է անվերջ քննարկել կյանքի բոլոր մեծ և փոքր երևույթները կամ պարզապես հարմարավետ լռել միասին, կամ նույնիսկ թեյի բաժակով խաղաղ նստել միայնության մեջ»:

Սոցիոլոգիական հարցումների համաձայն, դանիացիները համարվում են Եվրոպայի ամենաերջանիկ մարդիկ: Թվում է, թե նրանք ուրախանալու ավելի շատ առիթներ չունեն, քան մյուս եվրոպացիները: Դանիայի կլիման դրախտային չէ, ցերեկն այնքան կարճ է, որ չես էլ հասցնում նկատել այն, գները շատ բարձր են, հարկերն աստղաբաշխական:

Բայց դանիացիներն ունեն այն, ինչը չունեն մյուսները. «հյուգգե» անվանումով կյանքի փիլիսոփայությունը, որը տեղավորվում է մի քանի պարզ կանոններում և թույլ է տալիս ստեղծել խաղաղության, ջերմության և բարյացկամության մթնոլորտ:

1. Տունը և աշխատավայրը հարմարավետ դարձրեք

Դանիական դիզայնը համարվում է մինիմալիստական: Դանիացիները նախընտրում են ինտերիերի բաց երանգները և մեղմ լուսավորությունը, հաճախ են մոմեր օգտագործում (նույնիսկ ցերեկը), շատ են սիրում տունը զարդարել փոքրիկ դետալներով. մոմեր, լուսամփոփներ, փափուկ բարձեր և ծածկոցներ, նկարներ պատերին, սիրած գրքերով պահարաններ, կերամիկական սպասք:

Այս բոլորը ստեղծում են հարմարակեցության, հարմարավետության և ջերմության մթնոլորտ: Դեկորի էլեմենտները չպետք է աչք զարկող և շքեղ լինեն: Մնալով աննկատ, դրանք պետք է աչք շոյեն:

Պակաս կարևոր չեն նաև շոշափողական (տակտիլ) զգացողությունները: Դանիացիները նախընտրում են բնական նյութեր, որոնց դիպչելը հաճելի է. փայտ, բուրդ, վուշ, կավ: Փորձեք պարզ միջոցներով տունը և աշխատավայրը դարձնել այն տեղը, ուր ցանկանում ես գնալ, որտեղ քեզ լավ ես զգում: Դրա վրա իսկապես արժե ժամանակ և ուժեր ծախսել:

2. Հյուրեր կանչեք

Ընկերների և հարազատների հետ սոցիալական ցանցերում շփվելը երբեք չի փոխարինի կենդանի շփմանը: Հեղինակն այս փաստին պարզ բացատրություն է տալիս. «Ինչ-որ մեկը ձեռքը դնում է ձեր ուսին, համբուրում կամ շոյում է ձեր այտը, և անմիջապես լցվում եք խաղաղ ուրախությամբ: Հպումից օկսիտոցին է արտազատվում, որն առաջացնում է երջանկության զգացում և նվազեցնում սթրեսի, վախի և տագնապի զգացումները»:

Այդ պատճառով, հյուգգե լիովին կարելի է զգալ միայն մտերիմ մարդկանց շրջանում, որոնց հետ կարելի է թուլանալ և չձևացնել: Իսկ նրանց հետ ավելի լավ է հանդիպել տանը, այլ ոչ թե սրճարանում կամ ռեստորանում: Ավանդույթ դարձրեք ողջ ընտանիքով հավաքվել կիրակի օրվա ընթրիքին կամ շաբաթ երեկոյան ընկերներին հրավիրել միասին անցկացնելու: Հեռախոսները և մնացած գաջեթներն այդ ժամանակ ավելի լավ է անջատել:

3. Սովորեք համեղ պատրաստել

Այս կետը բխում է նախորդից: Հարմարավետ տնային հավաքույթները ենթադրում են համեղ հյուրասիրություն: Դա պատվիրված պիցցան կամ սուշին չէ: Որպեսզի զգաք հյուգգե, պետք է սովորեք թխել համեղ կարկանդակներ, պատրաստել ռագու, բուրումնավետ գլինտվեյն և տաք շոկոլադ:

Մայք Վիկինգը գրում է. «Մսի,  հրուշակեղենի և սուրճի սպառման բարձր մակարդակը Դանիայում անմիջականորեն կապված է հյուգգեի հետ: Վերջինիս պարտադիր պայմաններից է ինքն իր նկատմամբ բարի լինելը, ինքն իրեն երես տալը, իրեն և ուրիշներին թույլ տալը որոշ չափով խախտել առողջ ապրելակերպի սկզբունքները: Քաղցրավանիքը հյուգգե է: Թխվածքը՝ հյուգգե է: Սուրճն ու տաք շոկոլադը նույնպես հյուգգե են: Իսկ այ, գազարի ձողիկները ոչ այնքան»:

Բացի այդ, դանիական ձևով ուտելիք պատրաստել նշանակում է առանց շտապելու վայելել այդ պրոցեսի բոլոր էտապները. գրքից բաղադրատոմս ընտրել, շուկա գնալ և գնել անհրաժեշտ ամենալավ մթերքը, ընտանիքի անդամներին ներգրավել պատրաստելու պրոցեսին, այնուհետև միասին վայելել ջեռոցից եկող հրաշալի բույրը:

4. Դարձեք ավելի ակտիվ

Դանիացիները սիրում են համեղ և կուշտ ուտել, բայց ճարպակալմամբ տառապում է բնակչության փոքր տոկոսը: Գաղտնիքն ակտիվ ապրելակերպն է: Բայց խոսքը ֆիտնես-ակումբի ուժասպառող մարզումների մասին չէ: Դա առավելապես բավականություն պատճառող շարժումն է մաքուր օդում` ընտանեկան զբոսանքները լեռներում, սկանդինավյան քայքլը, հեծանվային արշավները:

Ի դեպ, դանիացիների մեծ մասը նախընտրում է աշխատանքի գնալ հեծանիվով: Այդ երկրի կլիման դրա համար ամենաբարենպաստը չէ: Բայց ճանապարհի խցանումները և հասարակական տրանսպորտի հրմշտոցը սթրես է, իսկ հեծանիվը՝ հյուգգե: Մնացածը ճիշտ հանդերձանքի հարց է:

5. Հարմարավետ հագուստ կրեք

Բարեբախտաբար, դիզայներները, հնարավոր է իրենք էլ չկասկածելով, արդեն մի քանի տարի անդրադառնում են հյուգգեին: Բարձրակրունկ կոշիկների փոխարեն սպորտային կոշիկներ և լոֆերներ, կարճ բաճկոնների փոխարեն ազատ ոճի վերարկու, տաք բլուզներ, փափուկ շարֆեր, երկար կարդիգաններ, լայն շալվարներ և այլն:

Այս բոլորն, իհարկե բնական և շոշափելիս հաճելի կտորներից: «Դանիական նորաձևությունը լակոնիկ է, էլեգանտ և չի պահանջում մեծ ճիգեր: Այն իր մեջ մեկտեղում է հյուգգեի լավագույն որակները և մինիմալիստական ֆունկցիոնալ դիզայնը»,- բացատրում է հեղինակը:

6. Հաճույք ստացեք պարզ ուրախություններից

Կյանքի ամենալավ բաները մենք ստանում են անվճար: Շրջապատող աշխարհի գեղեցկությունը, երեխաների ծիծաղը, մտերիմների ժպիտը, սիրելի մարդու կամ լավ գրքի հետ խաղաղ երեկոն տանը: Հենց այս պահերն են կազմում կյանքի երջանկությունը: Պետք է կարողանալ գնահատել դրանք:

«Պարզությունն ու համեստությունը հյուգգեի հիմնական բաղկացուցիչներն են: Մեծախոսել սեփական ձեռքբերումների մասին կամ փայլատակել «Ռոլեքսով», նշանակում է ոչ միայն ցուցադրել վատ ճաշակ, այլև փչացնել հյուգգեն: Ավելի շատ հյուգգե կա թեյի բաժակում, քան շամպայնում, սեղանի, այլ ոչ թե կոմպյուտերային խաղերում, տանը պատրաստած, այլ ոչ թե գնած ուտելիքում: Միգուցե հյուգգեն շահավետ չէ կապիտալիզմի համար, բայց դրա փոխարեն օգտակար է անձնական երջանկության համար»,- գրում է հեղինակը:

7. Ունեցեք հոբբի

Կյանքը չի կարող սահմանափակվել միայն աշխատանքով և ընտանեկան հոգսերով: Շատ կարևոր է ունենալ ստեղծագործական զբաղմունք, որ հաճույք է պատճառում. օրիգամի, ձեռագործ, կավագործություն, նկարչություն և այլն: Դրանից ստացած բոնուսը. քանի դեռ ձեռքերը զբաղված են, կարող եք մենակ լինել ձեր մտքերի հետ:

8. Հիշեք չափի զգացումի մասին

Հյուգգեն փառաբանում է պարզ հաճույքները: Բայց դա չի նշանակում, որ ձեզ ընդհանրապես չպետք է սահմանափակեք: Օրինակ, 10 քաղցր բուլկին արդեն հյուգգե չէ, այլ սննդային խանգարում: Այդ պատճառով, իրենց դուր եկածն ըմբոշխնելու համար դանիացիները կոնկրետ ժամանակ են հատկացնում: Օրինակ, հանգստյան օրը: «Արգելված պտղի քաղցրությունը հյուգգեի արարողակարգի անբաժանելի մասն է»,- բացատրում է հեղինակը:

iverh.com