Հայերի անձնական տվյալները վտանգի տա՞կ են
Advertisement 1000 x 90

Հայերի անձնական տվյալները վտանգի տա՞կ են

Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում աճել է հետաքրքրությունն այն մեխանիզմների նկատմամբ, որոնք կիրառվում են անձնական տվյալների պաշտպանության համար, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետի ժամանակավոր հանձնակատար Գևորգ Հայրապետյանը։

«Մարդկանց հետաքրքրությունն անձնական տվյալների պաշտպանության նկատմամբ աճել է։ Նրանք ավելի հաճախ են սկսել դիմել մեզ խորհրդատվություն ստանալու համար», — ասաց Հայրապետյանը` նշելով, որ այդ մասին վկայում են գործակալության իրականացրած հետազոտությունների տվյալները։

Եթե 2016 թվականին Հայաստանում քաղաքացիների 50-60 տոկոսն անտարբեր էին, կամ նրանց ընդհանրապես չէր հետաքրքրում, թե իրենց անձնական տվյալներն ինչպես են պաշտպանվում, հիմա մարդիկ ավելի բծախնդիր են ու ավելի ուշադիր իրենց անձնական տվյալների նկատմամբ, գիտեն, որ անձնական տվյալների ապօրինի օգտագործումն իրենց կյանքի համար ինչպիսի բացասական հետևանքներ կարող է ունենալ։

Մամուլի ասուլիսի մյուս հյուրը` տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին նշեց, որ բնակչության մեդիագրագիտությունը դեռ այդքան էլ բարձր մակարդակում չէ։ Այն, ինչ արվել է մինչ օրս, խնդիրը չի լուծում, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում, որ բնակչությունը պարզապես չի հասցնում ադապտացվել։

«Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց զարգանում են նաև մասշտաբները։ Օրինակ` մինչև վերջերս հասարակական վայրերում տեղադրված տեսախցիկներից ստացած նյութերից հնարավոր չէր անմիջապես նույնականացնել մարդուն։ Այսօր իրավիճակը փոխվել է, ծրագիր կա, որը պարզում է մարդու ինքնությունը», — ասաց Մարտիրոսյանը։

Փորձագետի խոսքով` խնդիրը բազմակողմանի է, չէ՞ որ անվտանգության ապահովման և անձնական տվյալների օգտագործման միջև մի շատ բարակ սահմանագիծ կա։

Մարտիրոսյանը մեկ այլ օրինակ էլ բերեց. փողոցներում տեղադրված արագաչափերը ֆիքսում են նաև վարորդների անձնական տվյալները, հայտնի չէ, թե ինչպես և ինչ նպատակներով հետագայում դրանք կօգտագործվեն։ Եվ չկան մեխանիզմներ, որոնք ինչ-որ կերպ կանխում են այդ տեղեկության ոչ թիրախային օգտագործումը։

Նույնը նաև առողջապահության ոլորտում է։ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վիոլետա Զոփունյանի խոսքով` ՀՀ ոչ մի քաղաքացի երաշխավորված չէ, որ իր հիվանդության պատմությունը չի տարածվի համացանցում։

«Մենք բոլորս գիտենք, որ բժիշկի դիմելու փաստն ինքնին գաղտնի տեղեկություն է, որը բժիշկն իրավունք չունի հրապարակելու։ Քաղաքացիների առողջական վիճակի մասին միասնական էլեկտրոնային տվյալների բազայի ներդրմամբ իրավիճակը կփոխվի», — ասաց նա։

Իրավական դաշտում առկա խնդիրներն ակնհայտ են։ Անձնական տվյալների հետ կապված աշխատանքը կարգավորելու կոնկրետ մեխանիզմներ չկան։ Պարզ չէ, թե ինչպես պետք է բազան գործի, ով է պատասխանատու տեղեկատվությունը հավաքելու, մշակելու և դրա հասանելիության համար, ընդգծեց Զոփունյանը։

armeniasputnik.am