«Ֆիլմի մի որոշ հատված նկարվել է թուրք ոստիկանների հսկողության ներքո». aravot.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ֆիլմի մի որոշ հատված նկարվել է թուրք ոստիկանների հսկողության ներքո». aravot.am

«Նուբար» խմբի ղեկավար Լուսինե Նազարյանը մանրամասներ է ներկայացնում

«Նուբար» ազգագրական խմբի գեղարվեստական ղեկավար Լուսինե Նազարյանն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ արդեն ավարտվել են իրենց խմբի մասնակցությամբ նկարահանված երկմասանոց ֆիլմի աշխատանքները, դրանցից մեկը վավերագրական ֆիլմ է, մյուսը՝ ֆիլմ-համերգ:

«Շատ տարիներ առաջ մեր առաջ խնդիր դրեցինք Էրզրումի պարերգեր հավաքել` ներկայացնելու համար, այդպես ձեռնամուխ եղա փշրանքների հավաքմանը, հետո գնալով այդ նմուշները շատացան: Եվ երբ դրանց թիվը մեծացավ, սկսեցի ձայնագրել: Ձայնագրելուց հետո մտքովս անցավ, որ կարելի է դրանք մի ամբողջական տեսաշարով նկարել ու ցույց տալ: Հինգ տարի մտմտում էի այդ նախագծի իրականացման մասին, հետո սկսեցի այդ թեմայով խոսել տարբեր մարդկանց հետ: Նաեւ որոշեցի համագործակցել Հակոբ Կարանֆիլյանի հետ:

Մի անգամ հեռուստաալիքներից մեկով Հակոբի ֆիլմաշարից հատված էի նայում, տեսա, որ շատ ծանոթ մի քաղաք են ցուցադրում, ճանաչեցի՝ Մարդինն է, մեկ էլ իմ ձայնը լսեցի` «Զեյնո» էի երգում…Երազանքիս մասին պատմեցի Հակոբին, ասաց` արի ֆիլմ նկարենք…Ուրախ եմ, որ Հակոբը համաձայնեց: Ես ասացի, թե գիտեմ, ում պետք է դիմել աջակցության համար:

Հասա Վրաստան, հանդիպեցի Էդգար Արամյան անունով մի մարդու հետ, որը ծնունդով այդ գյուղից էր: Ես իրեն ասացի, որ ֆիլմ ենք ուզում նկարել, միտքը դուր եկավ: Նշեմ, որ ֆիլմի սցենարը իմն է, ռեժիսորը եւ բեմադրող օպերատորը Հակոբ Կարանֆիլյանն է, երկրորդ օպերատորը, որը նաեւ դրոնով է նկարել` Վազգեն Թովմասյանը:

Այդ օրերին որպես տեխնիկ մեզ հետ աշխատեց ռեժիսոր Ստեփան Մարտիրոսյանը, դիմահարդարն էր Վիկո Մխիթարյանը, մոնտաժողը Ռոբերտ Խաչատրյանն էր: Երգերի ձայնագրությունը իրականացրել է Տարոն Ավետիսյանը, մի խոսքով, մեզ շատ մարդիկ են սիրահոժար օգնել:

Նկարահանած նյութից մի հատված ուղարկեցինք այն մարդկանց, որոնք աջակցել էին, պարզվեց, որ ամբողջական ֆիլմ են ուզում գյուղի մասին: 1828 թ. ռուս-թուրքական պատերազմի հետեւանքով Էրզրումը տեղահանվեց եւ «եկավ» Ջավախք, այդ թվում նաեւ այսօրվա Ծալկայի շրջանի Ղզլքիլիսա, այսինքն՝ Կարմրավանք գյուղը տեղափոխվեց:

Գյուղը հիմնադրել են Էրզրումի նահանգից եկած հայերը: Ֆիլմում ընդգրկված երգերի 80 տոկոսը այդ գյուղից են: Երկու մասից բաղկացած ֆիլմ նկարվեց, առաջին մասը կոչվում է «Իմ Կարմրավանքը», որը գյուղի պատմությունն է ներկայացնում, այդ թվում նաեւ Էրզրումի նահանգի գյուղը, երկրորդը Կարմրավանքի երգ-պատմություններ են»,- նշեց Լուսինե Նազարյանը:

Նա ասաց, որ կցանկանային շնորհանդես կազմակերպել, բայց դա գումարի հետ է կապված, միեւնույն ժամանակ հավելեց, որ ֆիլմը կցուցադրվի տարբեր տեղերում: Լուսինե Նազարյանը մեզ հետ զրույցում մի դրվագ պատմեց Էրզրումում կատարված նկարահանումներից: Նշեց, որ ֆիլմի որոշ կտորներ նկարահանել են թուրք ոստիկանների հսկողության ներքո: Այդ պատճառով դուրս են թողել տեղաբնակ մի պապիկի պատմությունը, թե ինչպես են այդ գյուղում հայերը ժամանակին խաղաղ ապրել, հետո օսմանցիները սկսել են նրանց կոտորել, ու հայերը սայլերով լքել են գյուղը: «Եթե պապիկին նկարած լինեինք, կկորցնեինք ամբողջ տեսագրությունը, որովհետեւ կջնջեին ամբողջ տեսագրությունը: Նկարահանումները սկսել ենք 2016 թ. ամռանը, այդ ընթացքում նոր երգեր էլ են գտել, հետ եկել ձայնագրել ու ավելացրել ֆիլմում: Մեկ տարուց ավելի աշխատել ենք ֆիլմի վրա»,-հայտնեց մեր զրուցակիցը:

aravot.am