Երևանից դուրս գործող գազալցակայաններն ու ռեստորանները տարիներ շարունակ համայնքի բյուջե հարկեր չեն մուծել կամ չնչին գումարներ են մուծել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
«Իրավաբանական անձինք` ռեստորանները, սրճարանները, գազալցակայանները, տարիներ շարունակ համայնքների հետ պայմանագրեր չեն ունեցել ու հարկեր չեն վճարել կամ եթե վճարել են, շատ ցածր են վճարել»,- ասաց նա։
Բացահայտված ստվերային գործունեության դեպքերից մեկը վերաբերում է Լոռու մարզում գործող գազալցակայանին, որը համայնքի բյուջե ամսական 300 դրամ հարկ է վճարել։
«Մեկ բնակիչը վճարում է 200 դրամ, գազալցակայանը` 300»,- նշեց նախարարը։
Միայն 2017թ-ի ընթացքում մարզերում ստվերային բիզնեսի տասնյակ դեպքեր են բացահայտվել, և պետական մարմինների միջամտությամբ համայնքների հետ կնքվել է գույքահարկի, տեղական տուրքի, հողի և գույքի վարձակալության 18 600 պայմանագիր։ Արդյունքում համայնքների բյուջետային մուտքերը 2017թ-ին 2016-ի համեմատ ավելացել են 9.2%-ով կամ 2.5 մլրդ դրամով։
Հարկերից խուսափելու այս տարբերակը, սակայն, տարածքային կառավարման նախարարը հակված չէ միանշանակ տնտեսական հանցագործություն համարել։
«Սա ավելի շուտ մեր համայնքներում պայմանագրային ձևերի բացակայության, կանոնակարգման խնդիր է։ Ինչու ոչ, հնարավոր է նաև` տեղեկացված լինելով չի գանձվել»,- ասաց նա։ Լոքյանը վստահեցրեց, որ խիստ հսկողություն է սահմանվել. Գյուղապետներն այսուհետ ամեն տարի ստիպված կլինեն արձակուրդ վերցնել։