Չնայած նեյրոգենեզը երկար ժամանակ անհնարին էր թվում, այսինքն՝ գիտնականները մտածում էին, որ հնարավոր չէ վերականգնել կորցրած նեյրոնները, փաստորեն, իրականում դա այդպես չէր: Պետք է միայն հետևել առողջ սովորություններին: Նեյրոգենեզը, հիրավի, հիանալի պրոցես է, որի միջոցով մեր ուղեղը կարող է խթանել նոր նեյրոնների և նրանց միացությունների ստեղծումը: Հնարավոր է՝ դա ձեզ ինչ-որ առումով հակասական կթվա: Չէ՞ որ դեռ բոլորովին վերջերս գիտական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում էր այն գաղափարը, որ տարիքի հետ մարդկային ուղեղը կորցնում է իր նյարդային բջիջները: Դրանք պարզապես քայքայվում են, և դրա հետևանքներն անդառնալի են: Ավելին, ենթադրվում էր, որ վնասվածքը կամ ալկոհոլի չարաշահումը մարդուն անխուսափելիորեն հասցնում էին գիտակցության ճկունության կորստի, ինչն առողջ մարդու ցուցիչ է: Բայց այսօր արդեն քայլ է արվում դեպի «նյարդաճկունություն» բառը, որը հույս է ներշնչում: Այո, բացարձակ ճշմարտություն է այն, որ տարիքի հետ մեր ուղեղը փոխվում է, որ վնասվածքներն ու վատ սովորությունները նրան մեծ վնաս են հասցնում: Սակայն ուղեղն ունակ է ռեգեներացվելու. Այն կրկին կարող է ստեղծել նյարդային բջիջներ և նրանց միջև կապ-կամրջակներ: Բայց որպեսզի այս զարմանալի գործողությունը կատարվի, պետք է, որ մարդը գործի, որ նա ակտիվ լինի և ամեն կերպ խթանի ուղեղի բնական ունակությունները:
- այն, ինչ դուք անում եք կամ ինչի մասին մտածում եք, վերակազմակերպում է ձեր ուղեղը:
- մարդկային ուղեղն ընդամենը 1.5 կգ քաշ ունի, սակայն ծախսում է օրգանիզմում եղած ողջ էներգիայի գրեթե 20%-ը:
- այն ամենը, ինչ մենք անում ենք, կարդում ենք, սովորում թե պարզապես ինչ-որ մեկի հետ խոսում, զարմանալի փոփոխությունների է հանգեցնում ուղեղի կառուցվածքում: Այսինքն՝ բացարձակապես ամեն բան, որ մենք անում ենք կամ մտածում, օգտակար է:
- եթե մեր ամենօրյա կյանքը լի է սթրեսով կամ տագնապներով, որոնք տառացիորեն մեզ պարուրում են, ապա, որպես կանոն, ուղեղի՝ հիշողության հետ կապված հիպոկամպ հատվածն անխուսափելիորեն ախտահարվում է:
- ուղեղը նման է մեր էմոցիաներից, մտքերից, գործողություններից կամ ամենօրյա սովորություններից պատրաստված քանդակի:
- այդպիսի ներքին քարտեզը պահանջում է հսկայական քանակությամբ հղումներ, կապեր, կամուրջներ և տարատեսակ այլ ուղիներ, ինչպես նաև՝ ուժեղ իմպուլսներ, որոնք մեզ թույլ են տալիս իրականության հետ կապի մեջ մնալ:
Հաջորդիվ կփորձենք բացատրել՝ ինչպես բարձրացնել կյանքի որակը՝ կենտրոնանալով ուղեղի առողջության վրա:
Նեյրոգենեզի խթանման 5 սկզբունքները
- Ֆիզիկական վարժություններ: Ֆիզիկական ակտիվությունն ու նեյրոգենեզն ուղիղ կապ ունեն միմյանց հետ: Ամեն անգամ, երբ մենք մեր մարմնին պարտադրում ենք աշխատել (լինի դա զբոսանք, լող կամ մարզումներ մարզասրահում), մենք նպաստում ենք ուղեղի օքսիգենացիային, այսինքն՝ այն հագեցնում ենք թթվածնով:
- Ի հավելումն նրա, որ դեպի ուղեղ տեղի է ունենում ավելի մաքուր և թթվածնով ավելի հագեցած արյուն, խթանվում է նաև էնդորֆինների արտադրությունը:
- Էնդորֆինները լավացնում են ձեր տրամադրությունը և դրանով իսկ հնարավորություն տալիս պայքարել սթրեսի դեմ՝ ամրապնդելով շատ նյարդային կառույցներ: Այլ կերպ ասած՝ սթրեսի մակարդակը նվազեցնող ցանկացած գործունեություն նպաստում է նեյրոգենեզին: Ձեզ մնում է միայն գտնել հարմար զբաղմունք՝ պար, քայլք, հեծանիվ վարել, և այլն:
- Ճկուն միտք, ուժեղ ուղեղ
Ճկուն միտք ունենալու շատ եղանակներ կան: Դրա համար պետք է աշխատել այն առույգ պահել: Այդ ժամանակ ուղեղն ունակ կլինի արագ վերամշակել շրջակա միջավայրից մուտքագրվող բոլոր տվյալները: Դրան հասնել կարելի է զանազան զբաղմունքների միջոցով: Վերոնշյալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մի կողմ թողնելով՝ նշենք հետևյալները՝
Ընթերցանություն: Կարդացեք ամեն օր: Դա օժանդակում է շուրջը կատարվող բոլոր իրադարձությունների նկատմամբ ձեր հետաքրքրությանն ու հետաքրքրասիրությանը:
- Օտար լեզվի ուսումնասիրություն:
- Երաժշտական որևէ գործիք նվագելը:
- Իրերի ծայրահեղ ընկալում, ճշմարտության որոնում:
- Ընկալունակ ուղեղ, սոցիալականացում, ճանապարհորդություններ, բացահայտումներ, հետաքրքրություններ:
- Սննդակարգ
Ուղեղի առողջության համար ամենավտանգավոր թշնամիներից մեկը հագեցած ճարպերով հարուստ սնունդն է: Կիսաֆաբրիկատների և ոչ բնական մթերքների գործածությունը դանդաղեցնում է նեյրոգենեզը:
- Շատ կարևոր է ցածր կալորիական սննդակարգի հետևելը: Սակայն այդ դեպքում սնունդը պետք է բազմազան և հավասարակշռված լինի, որ սննդարար նյութերի դեֆիցիտի չհանգեցնի:
- Միշտ հիշեք, որ մեր ուղեղն էներգիայի կարիք ունի, և առավոտյան, օրինակ, նա մեզ շնորհակալ կլինի քաղցրի համար:
- Այնուամենայնիվ այդ գլյուկոզան ցանկալի է, որ ուղեղը ստանա մրգերի կամ սև շոկոլադի, մի գդալ մեղրի կամ վարսակի փաթիլներով շիլայի միջոցով:
- Իսկ օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ մթերքները, անկասկած, հանդիսանում են նեյրոգենեզն ակտիվացնելու ամենահարմար միջոցը:
- Սեքսը նույնպես օգտակար է
Սեքսը նույնպես մեր ուղեղի հանճարեղ ճարտարապետներից է, նեյրոգենեզի բնական շարժիչը:
- Սեքսը ոչ միայն հանում է լարվածությունն ու կարգավորում սթրեսը, այլև մեզ ապահովում է հզոր էներգետիկ լիցքով, որը խթանում է հիշողության համար պատասխանատու ուղեղի բաժինների աշխատանքը:
- Իսկ սեռական մերձեցման ժամանակ արտադրվող այնպիսի հորմոններ, ինչպիսիք են սերոտոնինը, դոֆամինը կամ օքսիտոցինը, օգտակար են նոր նյարդային բջիջների ստեղծման համար:
- Մեդիտացիա
Անվիճարկելի է մեդիտացիայի օգտակարությունը մեր ուղեղի համար: Էֆեկտը որքան զարմանալի, նույնքան էլ հիասքանչ է:
- Մեդիտացիան նպաստում է որոշակի ճանաչողական ունակությունների՝ ուշադրության, հիշողության և կենտրոնացման զարգացմանը:
- Այն մեզ թույլ է տալիս ավելի լավ հասկանալ իրականությունը և ճիշտ ուղղորդել մեր տագնապներն ու կառավարել սթրեսը:
- Մեդիտացիայի ժամանակ մեր ուղեղն այլ ռիթմով է աշխատում: Այն արտադրում է ավելի շատ ալֆա-ալիքներ, որոնք աստիճանաբար գեներացնում են գամմա-ալիքները:
- Ալիքների այս տիպը նպաստում է լարվածության թուլացմանը՝ միաժամանակ խթանելով նեյրոգենեզը և նեյրոնային կապը:
Չնայած նրան, որ պետք է սովորել մեդիտացիայով զբաղվել, իսկ դա բավական ժամանակ կարող է խլել, անպայման արեք դա, քանի որ դա հիանալի նվեր է ձեր ուղեղի և ընդհանուր բարեկեցության համար:
Որպես վերջաբան՝ նշենք, որ բոլոր այս 5 սկզբունքներն իրականում այնքան էլ բարդ չեն, որքան կարելի է ենթադրել: Փորձեք իրականացնել դրանք գործնականում և հոգ տարեք ձեր ուղեղի առողջության համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը