Սթիվեն Հոքինգի աճյունը հողին կպանձնեն Վեսթմինսթերյան աբբայությունում, Իսահակ Նյուտոնի և Չառլզ Դարվինի աճյունների կողքին, տեղեկացնում է BBC-ին: Հոքինգի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 31-ին: Դրան ներկա կլինեն նրա հարազատները, ընկերները և գործընկերները: Սթիվեն Հոքինգը մահացել է մարտի 14-ին 76 տարեկան հասակում:
Նա ծնվել է 1942 թվականի հունվարի 8-ին Օքսֆորդում: 1963 թվականին նրան ախտորոշել են ամիոտրոֆիկ սկլերոզ: Եվս 22 տարի անց՝ թոքաբորբից հետո, գիտնականը ենթարկվել է շնչափողահատման, ինչի հետևանքով կորցրել է խոսելու ունակությունը և սկսել է օգտվել խոսքի սինթեզատորից: Սակայն ծանր հիվանդությունը Հոքինգին չխանգարեց դառնալու արդիականության ամենահայտնի տեսաբան-ֆիզիկոսներից մեկը: Հոքինգի գիտական հետազոտությունների հիմնական բնագավառը տիեզերաբանությունն է և քվանտային գրավիտացիան, նա շատ ժամանակ է նվիրել սև անցքերի ուսումնասիրմանը:
Սթիվեն Հոքինգը բազմաթիվ գիտահանրամատչելի գրքերի հեղինակ է, ներառյալ «Ժամանակի համառոտ պատմություն», «Սև անցքերը և երիտասարդ տիեզերքները», «Աշխարհն ընկույզի կճեպի մեջ» գործերը և այլ գրքեր: Հոքինգը մահվանից ընդամենը մի քանի օր առաջ հասցրեց ավարտել աշխատանքը իր վերջին գիտական հոդվածի վրա:
Դրանում ներկայացված են մաթեմատիկական հաշվարկներ, որոնք օգտագործելով, գիտնականի մտահղացմամբ, կարելի է փորձարարական ճանապարհով ապացուցել այսպես կոչված մուլտիտիեզերքի, այսինքն՝ զուգահեռաբար գոյություն ունեցող բազմաթիվ տիեզերքների մասին վարկածը: Եթե այդ հաշվարկները հաստատող վկայությունները հայտնաբերվեին գիտնականի կյանքի օրոք, նա միանգամայն վերջապես կարող էր արժանանալ Նոբելյան մրցանակի: