Ավո Ուվեզյանը 2017թ-ի մարտի 22–ին նշել է ծննդյան 91-րդ տարեդարձը և մի քանի օր անց հանգիստ հեռացել այս անցավոր աշխարհից։ Նա երաժշտության և նրբաճաշակ սիգարների կենդանի պատմություն էր` անկոտրում և չվհատվող, բայց նրա հայացքում միշտ ինչ-որ տխրություն էր զգացվում, հիշում է Sputnik-ի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։
Ընտանիքը հասցրել է օսմաններից մազապուրծ փախչել Լիբանան հայտնի ողբերգական իրադարձությունների ժամանակ, և 1926թ-ին լույս աշխարհ է եկել Ավոն` ի ծնե Կոյումջյան։ Ուվեզյան ազգանունը, որով նրան գիտեր աշխարհը, կեղծանուն է։ Ավոյի հորն անվանել են «մոծակ» (Մարաշի հայկական բարբառով հնչում է «ուվեզ»), այդպես մականունը դարձել է ապրանքանիշ։
Հայրը մահացել է 1942թ-ին, երբ Ավոն արդեն իր խումբն է ունեցել, որը հայտնի է եղել Լիբանանում։ Նա կարողացել է մի կերպ պահել ընտանիքը։ Խումբը նույնիսկ հյուրախաղերով շրջել է Մերձավոր Արևելքում, ինչին նպաստել են նաև Ավոյի անհավանական լեզվաբանական ընդունակությունները. այդ տարիքում նա ազատ խոսել է վեց լեզվով, այդ թվում` պարսկերեն։
Դրա շնորհիվ էլ Թեհրանում ազատ շփվել է շահ Ռեզա Փեհլևիի հետ, որին շատ են դուր եկել երիտասարդ երաժիշտները, և նա մշտապես հրավիրել է նրանց` համերգներ տալու։ Շահը նույնիսկ հարցրել է Ավոյին, թե ինչպես է նա պատկերացնում իր ապագան, Ավոն պատասխանել է, որ կցանկանար կատարելագործվել ԱՄՆ-ում, բայց ամերիկյան վիզա չունի։ Այդ խոսակցությունից 10 օր հետո Ավոն արդեն Նյու Յորքի ճանապարհին էր։
Այստեղ նա շատ արագ յուրային է դարձել, ձեռք բերել ջազային երաժշտի համբավ։ Մի անգամ քիչ է մնացել, որ ամեն ինչ գլխի վրա շուռ գա։ Նա քաղաքացիություն է ստացել և պետք է ծառայեր ամերիկյան բանակում։ Նրան պատրաստվել են ուղարկել Կորեա` սպանելու կամ սպանվելու, բայց փրկել է երաժշտությունը։ Նրան ուղարկել են սովորելու բանակում, և նա մի անգամ ջազային ստեղծագործություն է նվագել հրամանատարի համար, որը ջազի մեծ սիրահար է եղել, շատ է հուզվել և հարցրել, թե ինչ կարող է անել Ավոյի համար։
Այդպես նա մնացել է Նյու Յորքում` ծառայությունը վերջացնելու, բայց ընդհանրապես ջազ է արարել։ 1960-ականների կեսերին նա երաժշտություն է գրել, որին հետո խոսքեր են ավելացրել, և այդպես ծնվել է Strangers in the Night երգը, որն անմահացրել է Սինատրան։ Ուվեզյանը ստիպված է եղել դատի տալ հեղինակային իրավունքի համար և այդ իրավունքը ստացել է 1968թ-ի հոկտեմբերին։