Դյուքի համալսարանի (ԱՄՆ) գիտնականներն ապացուցել են, որ նույնիսկ կարճաժամկետ ֆիզիկական բեռնվածությունները նվազագույնի են հասցնում սիրտ-անոթային հիվանդությունների և վաղաժամ մահվան ռիսկը: Մասնագետների հոդվածը հրապարակված է Journal of the American Heart Association հանդեսում: Այդ մասին հաղորդվում է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում:
Մասնագետները վերլուծել են այն տվյալները, որոնք ստացվել են 40-ից բարձր տարիքի 4840 մարդկանց մասնակցությամբ կատարված երկարաժամկետ ուսումնասիրությունների ժամանակ: Կամավորների նկատմամբ դիտարկումներն անցկացվել են 2003-ից մինչև 2006 թվականն ընկած ժամանակաշրջանում, ընդ որում՝ մասնակիցները աքսելերոմետրեր (արագացումաչափ) էին կրում իրենց ամենօրյա ֆիզիկական բեռնվածության քանակական գնահատման համար: Գիտնականները տվյալների ազգային բազայի հիման վրա պարզել են, որ 2011 թվականին ողջ էր մնացել 4140 մարդ: Պարզվել է, որ այն անձանց մոտ, որոնց ֆիզիկական ակտիվությունը տևել է օրական ոչ ավելի, քան 20 րոպե, վաղաժամ մահվան ռիսկը ամենաբարձրն է եղել: Մեկ ժամվա բեռնվածությունը վաղաժամ մահվան հավանականությունը նվազեցրել է կրկնակի, իսկ 100 րոպեն՝ 76 տոկոսով: Դրա հետ մեկտեղ առողջության համար օգտակար են վերելակների փոխարեն աստիճաններից օգտվելը, ինչպես նաև արագ քայլքը:
ԱՄՆ-ի առողջապահության նախարարության և սոցիալական ծառայությունների հանձնարարականների համաձայն, չափավոր ֆիզիկական բեռնվածություններին հարկավոր է հատկացնել շաբաթական առնվազն 150 րոպե, ընդ որում՝ դրանք իրենցից պետք Է ներկայացնեն ավելի քան 10 րոպե տևողությամբ վարժությունների համալիր: Սակայն նոր ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ակտիվությունը կարող է ընդմիջվել, և անհրաժեշտ ժամանակը կարող է կուտակվել օրվա ընթացքում: