Յուրաքանչյուր մարդ ունի գունային իր նախասիրությունները: Որպես կանոն, մեկ կամ մի քանի գույներ են, որոնք մեզ մոտ առաջացնում են դրական կամ բացասական հույզեր: Կյանքի ընթացքում գունային նախասիրությունները կարող են փոխվել, սակայն դրանց նկատմամբ մեր վերաբերմունքը կարող է շատ բան պատմել մեր բնավորության և հույզերի մասին:
1940-ական թվականներին շվեյցարացի հոգեբան Մակս Լյուշերը մշակել է հատուկ թեստ, որը թույլ է տալիս հոգեբաններին պարզել գունային նախասիրությունների հիմքում ընկած հոգեբանական գործոնները: Այդ թեստի պարզեցված՝ կենցաղային տարբերակները հասանելի են համացանցում, և մեր ընթերցողները կարող են դրանք փորձարկել՝ օգտագործելով, օրինակ, զգեստապահարանում գերակշռող գույները: Եթե ձեր պահարանում գերակշռում են կարմիր գույնի երանգները, ապա դուք վստահում եք մարդկանց, սակայն չափից ավելի էմոցիոնալ և ագրեսիվ եք: Եթե ավելի շատ գերակշռում է դեղինը, ապա դուք ընկերասեր եք, օպտիմիստ և առաջացնում եք վստահություն ձեր շրջապատի մոտ: Կանաչի և կապույտի գերակայությունը վկայում է ձեր փխրուն և թույլ լինելու մասին, իսկ երկնագույնը՝ շատախոսության, ծուլության և որկրամոլության մասին:
Ստորև կներկայացնեմ հիմնական գույների բնութագրերը: Ընթերցողը, հիմնվելով գունային սեփական նախապատվության վրա, կարող է ինքնուրույն պատկերացում կազմել իր հոգեբանական առանձնահատկությունների մասին:
Սպիտակ– Իր մեջ ներառում է բոլոր գույները, հետևաբար՝ այն իրենից ներկայացնում է իդեալական գույն: Այն իր մեջ ներառում է բազմաթիվ երանգներ և իմաստներ՝ փոխանցելով և՛ ջերմություն, և՛ սառը շունչ: Սպիտակ գույնին նախապատվություն կարող են տալ ցանկացած խառնվածքի մարդիկ, քանի որ այն ոչ մեկին չի վանում:
Սև– Անվստահության գույնն է, որը խորհրդանշում է կյանքի մռայլ ընկալումը: Նրանք, ովքեր նախընտրում են սև գույնի հագուստ՝ հաճախ կյանքն ընկալում են մուգ երանգների մեջ, դժբախտ են, անվստահ, հակված են դեպրեսիայի: Սև գույնի մշտական ընտրությունը վկայում է ճգնաժամային վիճակի առկայության, ինչպես նաև շրջակա աշխարհը կամ սեփական անձն ագրեսիվ ընկալելու մասին: Խնամքի և սիրո պակաս ունեցող երեխաները հաճախ օգտագործում են սև գույներ իրենց նկարների մեջ: Սովորաբար սև գույնը վանում է մարդկանց:
Մոխրագույն– Կասկածամիտ և ռացիոնալ անհատների սիրելի գույնն է: Սա նաև չեզոք գույն է, որը նախընտրում են ուրիշներից առանձնանալ չսիրող մարդիկ: Մոխրագույնը չեն նախընտրում հիմնականում դյուրագրգիռ և թեթևամիտ բնավորություն ունեցողները:
Կարմիր- Բուռն զգացմունքների, կիրք հաղորդող գույն է։ Այն մարդիկ, ովքեր նախընտրում են կարմիրը, ավելի համարձակ են, կամային, ղեկավարող, բռնկվող և շփվող։ Դրա հետ մեկտեղ՝ ալտրուիստ են։ Իսկ այն մարդիկ, ում նյարդայնացնում է այս գույնը, որպես կանոն, ունենում են թերարժեքության բարդույթ, վախ տարաձայնություններից, միայնակության հակում, հարաբերությունների հստակություն, և այլն։ Կարմիր գույնը խորհրդանշում է դյուրագրգռություն և էներգետիկայի աղբյուր։ Այս գույնը կարող է վկայել նաև օրգանիզմի ակտիվության և գրավչության մասին, և այն մարդիկ, ովքեր զզվում և մերժում են կարմիրը, ունենում են օրգանական թուլություն, ֆիզիկական կամ հոգեբանական հյուծվածություն։ Զինծառայողները կամ գերիները, ովքեր ստիպված են որոշակի ժամանակ ապրել կյանքին վտանգ սպառնացող մթնոլորտում, չեն հավանում կարմիր գույնը, իսկ դեռահասները՝ ընդհակառակը, նախընտրում են այս գույնը և շատ հաճախ կրում։
Շագանակագույն– Այս գույնն ընտրում են այն մարդիկ, ովքեր հստակ են, ինքնահաստատված, գնահատում են ավանդույթները և ընտանիքը։ Հակված են ավելի շատ ինտուիտիվ զգացողությունների, ամեն փոքր, պարզ իրադարձություն կարող է ուրախություն պատճառել։
Դեղին– Խորհրդանշում է հանգստություն, մարդկանց հետ շփման մեջ կամայականություն, կրթվածություն։ Եթե դեղին գույնը սիրելի գույնն է, ապա առկա է շփվողականություն, հետաքրքրասիրություն, համարձակություն։ Եթե գույնը հաճելի չէ, ապա դա վկայում է կենտրոնացվածության, բացասական տրամադրվածության, դժվարությամբ նոր ծանոթություն հաստատելու մասին։ Դեղինը կարմիրի և կանաչի միախառնումից ստացվող գույն է, և համարվում է էներգիայի աղբյուր։
Կապույտ– Երկնքի, հանգստության, լիցքաթափման գույնն է։ Եթե նախընտրելի է այս գույնը, ապա խոսքը համեստության և ներամփոփության մասին է։ Նման մարդիկ հաճախ հանգստանալու կարիք, իրենց վստահ զգալու և շրջապատի կողմից ընդունված լինելու զգացողության կարիք ունեն։ Եթե գույնը հաճելի չէ, ապա դա խոսում է ամենակարող մարդու տպավորություն թողնող անձնավորության մասին։ Սակայն իրականում նման մարդիկ անվստահության և ներամփոփության խորհրդանիշ են լինում։ Կապույտի հանդեպ անտարբերությունը խոսում է հուզական թեթևամտության մասին։ Առհասարակ, կապույտ գույնի առկայությունը խոսում է ֆիզիկական և հոգեբանական պահանջի մասին դեպի հանգստությունը, իսկ գույնի մերժումը՝ փախուստ լիցքաթափումից։
Կանաչ– Բնության, գարնան, բնականի և թարմության գույնն է։ Այն նախընտրում են ինքնահաստատման ուղի փնտրող և դիմացինի ազդեցությունից խուսափող մարդիկ, քանի որ սեփական կայացումը շատ կարևոր է նրանց համար։ Կանաչն իր մեջ պարունակում է թաքնված կենսական ուժ, արտահայտում է կամային լարվածություն, այդ պատճառով այս գույնը նախընտրող անձինք միշտ հակված են ինքնավստահության և կայունության ձեռքբերմանը։ Իսկ մարդիկ, ովքեր էքսցենտրիկ են, հասնում են նպատակին հույզերի օգտագործմամբ, այլ ոչ թե՝ կամային ջանք գործադրելու, մերժում են այն՝ որպես տհաճ գույն։ Ինչպես նաև այս գույնը մերժում են այն մարդիկ, ովքեր ունեն ֆիզիկական և հոգեբանական հյուծվածություն։
Այնուամենայնիվ, եթե վստահ եք, որ կյանքն ապրում եք լիարժեք, և այդ լիարժեքության զգացողությունը ձեզ հաղորդում է երջանկություն և բավարարվածություն, գունավորեք ձեր կյանքը՝ ընտրելով ցանկացած գույն, կարևորը՝ նրա հետ լինեք ներդաշնակ և ամբողջական։
Կամիլա Խաչատրյան, հոգեբան