2017 թվականի դեկտեմբերի 23-ին «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրում գտնվող «Զիգզագ» ընկերության վաճառասրահից գնել եմ 4277156- Lenovo մոդելի համակարգիչ (նոութբուք)։ Գնումը կատարելու ժամանակ վաճառող- խորհրդատուն վստահեցրեց, որ ապրանքը իր տեխնիկական չափանիշներով և հզորությունով լիովին թույլ կտա այն օգտագործել աշխատանքային նպատակների համար։
Ապրանքը գնելուց հետո մոտ երկու ամիս այն չեմ օգտագործել, քանի որ ունեի մեկ այլ նոութբուք։ Հետագայում օգտագործելու առաջին իսկ պահից առկա են եղել դժգոհություններ։ Համակարգիչը երկու անգամ ներկայացրել եմ ընկերության սպասարկման կենտրոն, որտեղ երեշխիքային կտրոնի առկայության պարագայում այն վերանորոգվել է։ Սակայն համակարգիչը ըստ էության պիտանի չէ օգտագործման։
Այս ամենի մասին համապատասխան գրությամբ դիմել եմ «Զիգզագ» ընկերության տնօրինությանը։ Այսօր ընկերությունը պատասխանել է դիմումին, որը ներկայացնում ենք ստորևէ։
Այսինքն ընկերությունը իր պատասխանով ըստ էության չի հերքում, որ վաճառված ապրանքը անորակ է։ Ընկերությունը վկայակոչում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի առաջին կետի դրույթները, և իր գործն այսքանով ավարտած համարում։ Իհարկե դիմումում չեն մոռացել շեշտել, որ անհսարքության դեպքում համաձայն երաշխիքային կտրոնի այն կարող է վերանորոգվել ընկերության սպասարկման կենտրոնում։ Ինչ է ստացվում ընկերությունը վաճառելով անորակ ապրանքներ, հետագայում իր վրայից «գցում» է պատասխանատվությունը, հիմք ընդունելով օրենքի դրույթները։ Այդ դեպքում պարզ տրամաբանական հարց է առաջանում, ով է փոխհատուցելու սպառողների կրած ֆինանսական, բարոյական ծախսերը։
Իսկ, որ ընկերության սպասարկման կենտրոնում բազմաթիվ հաճախորդների կարելի է հանդիպել, ովքեր ընկերությունից գնած ապրանքներ են վերանորոգման ներկայացրել, ակնհայտ կդառնա այնտեղ այցելելով։
Հավելենք, որ մամուլի հրապարակումների համաձայն «Զիգզագ» ընկերության սեփականատերը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայրն է։