ՀՀ գերբի ու օրհներգի շուրջ քննարկումները շարունակվում են: Դեռևս 2016 թվականին ՀՀ մշակույթի նախարարության հրամանագրով ստեղծվել էր մասնագիտական հանձնաժողով՝ ՀՀ պետական խորհրդանիշների, հատկապես՝ գերբի վրա որոշակի փոփոխություններ, շտկումներ անելու նպատակով:
Հանձնաժողովի անդամներից ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ու մշակութաբան Գագիկ Մանասյանը նշում էին, որ գերբում կան բազմաթիվ թերություններ՝ առյուծի բերանը փակ է: Գերբագիտության օրենքներով անընդունելի է փակ բերանով առյուծը: Դա նշանակում է, որ առյուծն անպաշտպան է, իսկ բաց լինելը՝ պաշտպանության, ինքնապաշտպանության, սկզբի, նախահարձակման բովանդակություն ունի: Մեր պետության սուրը կոտրված է: Ժապավենի վրա գրվում է տվյալ պետության կարգախոսը, մեզ մոտ չկա այն: Ուստի, կամ ժապավենը չպետք է լինի, կամ բազմաբովանդակ ու կարճ կարգախոսը պետք է լինի: Թուրը չպետք է լինի ջարդված, և այլն:
Հայաստանի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը վերջերս անդրադարձել էր այս խնդրին ու ասել, որ մեկ օրում կամ մեկ մարդու միջոցով չպետք է լուծվի սա, քննարկումներ պետք է լինեն:
Երիտասարդ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն արդեն ՀՀ զինանշանի նախագիծ է պատրաստել: Այն արդիականացվել է՝ հիմք ընդունելով 1919 թվին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի և նկարիչ Հակոբ Կոջոյանի հեղինակած Հայաստանի Առաջին Հանրապետության զինանշանի ընդհանուր կերպը: Քաղաքագետի հետ մեր զրույցը՝ ստորև.
– Ինչո՞ւ եք որոշել զինանշանի փոփոխման գործով զբաղվել: Միայնա՞կ եք աշխատում, թե՞ թիմով:
– Տարիներ շարունակ մասնագետները բարձրաձայնում էին, որ մեր զինանշանում առկա են բազմաթիվ նշանագիտական սխալմունքներ, որոնք հակասում էին հերալդիկայի կանոններին: Զինանշանի փոփոխումը հանրային պահանջմունք է, որի շուրջ մտածում են և աշխատում են տարբեր մասնագետներ: Իմ նախաձեռնությունն ինքնաբուխ է: Ուսումնասիրելով փաստերը, օրինակները, հասկանալով զինանշանագիտության կանոնները՝ փորձել եմ հանդես գալ սեփական նախաձեռնությամբ: Աշխատում եմ միայնակ, սակայն դիմում եմ նաև մասնագետներին՝ նրանց կարծիքն ունենալու համար:
– Ի՞նչ փոփոխություններ եք առաջարկում:
– Ներկայացված նախագծում փորձել եմ ուղղել այն բոլոր թերությունները, որոնք առկա են գործող զինանշանում, որպես օրինակ՝ կարելի է բերել կենդանիների փակ բերաններն ու կոտրված սուրը: Սխալները բազմաթիվ են: Նաև մի շարք բաղադրիչներ առաջարկում եմ ներմուծել: Դրանց ճշգրիտ նկարագրությունն ու հիմնավորումներն առկա են սույն նախագծի հայեցակարգում, որը մոտակա ժամանակում կհանրայնացվի:
– Ներկայիս գերբի պատկերներից ո՞րն է ավելի շատ զայրացնում Ձեզ:
– Ներկայիս զինանշանը, համաձայն 1992 թ. մարտի 25-ի Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հ.Ն-0580-I օրինագծի՝ ընդունվում է՝ որպես 1920 թվականին ճարտարապետ Թամանյանի և նկարիչ Կոջոյանի կողմից նախագծված զինանշան, սակայն 2006 թվի օրենքով այդ փաստը ճանաչվում է առոչինչ: Փաստացի ՀՀ գործող զինանշանը հեռացել է իր սկզբնական տեսքից ու փիլիսոփայությունից, ինչպես նաև պարունակում է մեր պետականությունը վիրավորող մի շարք սխալներ:
– Դուք ընտրել եք արդարություն, ազատություն և միասնություն կարգախոսը, ինչո՞ւ:
– Քանի որ զինանշանը պետականության կարևորագույն ատրիբուտներից մեկն է, ապա ժապավենի վրա պետք է լիներ հայ ազգի քաղաքական պատմությունը ամփոփող բառերի պատճառահետևանքային կապը: Արդարությունը հայ ազգի քաղաքակրթական պահանջմունքն է, արդարության պակասից միշտ տուժել ենք ու միշտ ելել ենք պայքարի հանուն արդարության, դրա մեջ ներառված է ինչպես՝ ազգային արժեքների պահպանությունը, այնպես էլ՝ մասնավոր սեփականության և անձի իրավունքների պահպանությունը, այն, ինչի ձգտումն ունեն բոլոր հին քաղաքակրթությունները: Հազարավոր տարիների փորձը վկայում է, որ միայն Ազատությունն է ի զորու պահպանելու Արդարությունը, դրանով է պայմանավորված ազատատենչ հայ ազգի պետականակերտ գործունեությունը: Իսկ ինչպե՞ս է հնարավոր ստեղծել Ազատություն Արդարության համար: Միայն Միասնությամբ:
Անի Կարապետյան