Նախիջևանի ինքնավար հանրապետություն. պատանդ, թե՞ վտանգ
Advertisement 1000 x 90

Նախիջևանի ինքնավար հանրապետություն. պատանդ, թե՞ վտանգ

1994 թ. Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև անժամկետ հրադադարի մասին համաձայնագրի կնքումով փաստացի ավարտվեցին կողմերի միջև ռազմական գործողությունները և երկու ժողովուրդներին հնարավորություն ընձեռվեց դադար վերցնելու: Կողմերից յուրաքանչյուրը յուրովի է օգտվել ընձեռված ժամանակից:

Հրադադարից ի վեր, Ադրբեջանն ակտիվորեն ավելացնում է Նախիջևանի ինքնավար հանրապետության սոցիալ-տնտեսական ներուժը: Նախիջևանի տարածքը հետզհետե մտնում է Թուրքիայի ազդեցության ոլորտ: Երբեմնի չզարգացած և իրենից կարևորություն չներկայացնող սուբյեկտը  թուրքական ներդրումների շնորհիվ 30 տարիների ընթացքում ձեռք է բերել զարգացած ենթակառուցվածք: Այս քաղաքականության նպատակն է երկու երկրներեի միջև Նախիջևանը դարձնել ազատ առևտրի գոտի, խթանը՝ երկաթգծի կառուցումը: Վերջինս կապելու է Նախիջևանը Թուրքիայի հետ, անցնելով Իգդիրով և հասնելով մինչև Կարս, այդպիսով ավելի ամրապնդելով երկկողմ հարաբերությունները:

Նախիջևանը համալրված է լավ ճանապարհներով և ժամանակի հետ քայլող կառույցներով, որոնց թվում պետք է նշել միջազգային օդանավակայանն ու կառուցվող հիդրոէլեկտրակայանը: Ադրբեջանի ղեկավարությունը մտադրված է դարձնել Նախիջևանը իսլամական մշակույթի կենտրոն և դրանով իսկ խթանել զբոսաշրջիկների ներհոսքը:

Այստեղ տեղի են ունենում նաև ժողովրդագրական փոփոխություններ. ադրբեջանցիներից զատ, Նախիջևանում այսօր բնակվում են ավելի քան վեց հազար թուրքեր:  Սակայն, այն ոլորտը, որը շարունակում է ունենալ ռազմավարական նշանակություն թե Թուրքիայի, թե Ադրբեջանի համար, շարունակում է մնալ ռազմականը: Նախիջևանն ակտիվորեն միլիտարիզացվում է և այսօր համալրված է ոչ միայն ռազմական ջոկատով այլ առանձին բանակով: Թուրքական բանակը փաստացի ներկա է այնտեղ, քանի որ ժամանակ առ ժամանակ անցկացվում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ:

Նախիջևանի ինտենսիվ միլիտարիզացիան ռազմական գործողությունների դեպքում  ապահովում է Ադրբեջանի անվտանգությունը թիկունքից , որը հատկապես ակտուալ է դառնում Հայաստանի հետ քաղաքական լարված այս իրավիճակում: Դեռ 1990-ական թթ., Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը քայլեր էր ձեռնարկում Նախիջևանի կողմից հակառակորդին վնաս հասցնելու համար, կրակի ենթարկելով խաղաղ բնակավայրերը և հասցնելով զգալի մարդկային և նյութական կորուստներ:

Նախիջևանի սահմանից հրադադարի խախտման դեպքեր արձանագրվում են նաև այսօր: 2016 թ. քառօրյա պատերազմից հետո, փորձագետներն ահազանգում են Նախիջևանում տեղի ունեցող ռազմական կուտակնումների մասին: Մասնավորապես, «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը նշում է նոր ռազմական գնդի ստեղծման, մոտ 350 միավոր ռազմական տեխնիկայի ձեռքբերման մասին (զրահամեքենաներ, հրթիռային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ռեակտիվ կոմպլեքսներ): Փորձագետները նշում են վերջին ութ տարիների ընթացքում տեղի ունեցած Նախիջևանի բանակի զգալի աճի մասին, որը
Թուրքիայի օգնությամբ «աշխարհագրական պատանդից» դարձել է հզոր և հարձակման ունակ ինքնավար միավոր:

Նախիջևանը գտնվում է Արարատից ընդամենը 30 կմ  հեռավորության վրա, իսկ Բաքվից՝ 400 կմ: Երևանի մոտ է գտնվում մինչև ատամները զինված մի պետություն, որի պաշտոնական հռետորաբանության մեջ Հայաստանը նշվում է որպես համար մեկ թշնամի:

Նախիջևանը, որ եղել է Հայկական լեռնաշխարհի հնագույն մշակութային կենտրոններից մեկը, այսօր դարձել է պոտետնցիալ վտանգ Հայաստանի համար:

Ամբողջությամբ՝ armat.im