Մարդիկ, որոնք վաղ են ընթրում և գոնե երկու ժամ հետո են գնում քնելու, ավելի հազվադեպ են բախվում քաղցկեղային հիվանդությունների, մասնավորապես՝ կրծքագեղձի ու շագանակագեղձի քաղցկեղի։ Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of Cancer ամսագրում։
Ըստ հետազոտության՝ այն մարդկանց շրջանում, ովքեր շուտ ժամի են ընթրում, վերոնշյալ ուռուցքների զարգացման հավանականությունը 20 տոկոսով փոքր է նրանց համեմատ, ովքեր ընթրում են երեկոյան ժամը տասից հետո։
Քաղցկեղի ու սննդակարգի կապի միջև նախորդ հետազոտությունները վերաբերել են միայն սննդակարգի բաղադրությանը, օրինակ՝ թե ինչպես է կարմիր մսի, բանջարեղենի ու մրգերի գործածումն ազդում քաղցկեղի զարգացման հավանականության վրա։ Սակայն շատ քիչ ուշադրություն է հատկացվել սննդի գործածման մյուս գործոններին, այդ թվում՝ սնվելու ռեժիմին, ուշ ժամին ընթրելուն և այլն։
Իսկ հիմա Բարսելոնի Գլոբալ առողջության ինստիտուտի հետազոտողներն ուսումնասիրել են մասնակիցների կենսակերպն ու քրոնոտիպը (երեկոյան կամ առավոտյան ակտիվության նախապատվությունը)։ Հետազոտությունը ներառել է շագանակագեղձի քաղցկեղի 621 դեպք ու կրծքագեղձի քաղցկեղի 1205 դեպք, նաև այդ հիվանդությունները չունեցող հսկիչ խմբի մասնակիցներին։ Մարդկանց հարցրել են, թե որ ժամին են նրանք սնվում, պարզել են քնի հետ կապված նրանց սովորությունները։ Նաև մասնակիցները լրացրել են հարցաթերթիկ, որը վերաբերում էր քաղցկեղի կանխարգելման մասին խորհուրդների պահպանմանը։
Հետազոտությունը ցույց էր տվել, որ սնունդ ընդունելու ավելի վաղ ժամերը պահպանելը (մինչև երեկոյան ժամը 9-ը) կապակցված է քաղցկեղի զարգացման ավելի փոքր հավանականության հետ։