Քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականության վրա ազդում են ոչ միայն մարդու գենետիկ նախահակվածությունը և ապրելակերպը, այլև նրա աշխատանքը: Այսպես, մի քանի մասնագիտությունների ներկայացուցիչներ մտնում մեծ ռիսկի խմբում:
Ըստ քաղցկեղի զարգացման մեծ վտանգի՝ առաջին և երկրորդ տեղերում են մատնահարդարները և վարսահարդարները: Թե՛ մեկը, թե՛ մյուսը հաճախ են ստիպված շփվել թունավոր լաքերի, ներկերի, լուծիչների հետ, շնչել քաղցկեղածիններով օդը: Մեծ քանակությամբ վտանգավոր քիմիական նյութերի ազդեցությամբ էլ նրանց շրջանում մեծ է կրծքագեղձի և միզապարկի քաղցկեղի զարգացման վտանգը: Վտանգի նվազեցման համար մատնահարդարներին ու վարսահարդարներին խորհուրդ է տրվում աշխատել լավ օդափոխվող հաստատությունում և պաշտպանական դիմակով:
Երրորդ տեղում են գրասենյակային աշխատողները, համակարգիչների առջև երկար նստողները: Եվ բանն ամենևին էլ համակարգչի բացասական ազդեցության մասին չէ, պարզապես այդ մարդիկ քիչ են շարժվում, իսկ հիպոդինամիան կամ սակավաշարժությունը, ինչպես հայտնի է, քաղցկեղի զարգացման հավանականությունը 20-30 տոկոսով մեծացնում է: Հավանականության նվազեցման համար գրասենյակային աշխատողներին խորհուրդ է տրվում յուրաքանչյուր ժամը մեկ կանգնել և նախավարժանք կատարել:
Չորրորդ տեղում են ավիացիայի աշխատողները. թե՛ օդաչուները, թե՛ ուղեկցորդները բարձրության վրա ենթակա են արեգակնային ճառագայթման, ինչը կարող է հարուցել կրծքագեղձի, արգանդի, ստամոքսաաղիքային համակարգի օրգանների և այլ օրգանների քաղցկեղի զարգացում:
Հինգերորդ տեղում են գիշերային աշխատողները: Մասնագետների խոսքով՝ գիշերային հերթափոխները կարող են բերել մի ամբողջ շարք հիվանդությունների առաջացման, որոնց թվում է նաև քաղցկեղը:
Մասնագետներից շատերի կարծիքով՝ առողջ կենսակերպը կարող է զգալիորեն նվազեցնել քաղցկեղի զարգացման հավանականությունը, եթե նույնիսկ դուք ձեր աշխատանքի և մասնագիտության բերումով ռիսկի խմբում եք: Աշխատեք առողջ սնունդ ուտել, չծխել, ալկոհոլը չչարաշահել, օրվա ընթացքում շատ շարժվել և քաշը նորմայի սահմաններում պահել: