Ամռան վերջին օրերը վայելելու ճիշտ ժամանակն է. մի քանի օր՝ ու արդեն աշուն է՝ աշխատանքային նոր գրաֆիկով և բոլորովին այլ տեմպով:
Եթե դեռ մտածում եք՝ ինչ ու ինչպես, ապա հուշում ենք՝ Հայաստանը լեռների երկիր է, իսկ դուք, հնարավոր է, դեռ ոչ մի գագաթ չեք նվաճել: Այս փաստն արդեն մտահոգիչ է, դրա համար, առաջարկում ենք փոխել վիճակագրությունը՝ ձեր օգտին ու հենց եկող ուիքենդին:
Իսկ սկսնակ լեռնագնացի թանկ խորհուրդները գրի առնելու շանսն արդեն կա: Եվ այսպես, ի՞նչ անել, ինչպե՞ս պատրաստվել ու որտեղի՞ց սկսել, եթե հանգստյան օրերը որոշել եք անցկացնել լեռներում: Լեռնագագաթներ նվաճելն ամենահեշտ գործերից չէ, հենց այդ պատճառով առաջարկում ենք Արարատից, Արագածից ու նաև Էվերեստից առաջ «աչք դնել» լեռնային ավելի համեստ երթուղիների վրա:
Դրանից հետո ընտրում ենք համապատասխան զբոսաշրջային ակումբ ու ստուգում՝ առաջիկայում ինչ են առաջարկում:
Նախորդ շաբաթ, օրինակ, ArmLand-ն առաջարկում էր միանալ դեպի Զոհասար լեռ և Մանթաշի ջրամբար գնացող արշավախմբին: Այս լեռը Շիրակի մարզում է՝ Արագածի հյուսիսային լանջին, բարձրությունը՝ 3063 մետր:
Զոհասարը հանգած հրաբուխ է՝ համերաշխ տեղանքին ու նվաճվելու համար հյուրընկալ: Առանց ֆիզիկական լուրջ տվյալների և լրացուցիչ մարզումների՝ կարելի է մինչև գագաթ հասնել՝ երբեմն միայն ուժեղ հևալով, տեղ-տեղ՝ քթի տակ փնթփնթալով:
Բայց ՝սկզբից:
Ինչպե՞ս պատրաստվել սար բարձրանալուն
Զբոսաշրջային ակումբի ֆեյսբուքյան էջի հայտարարությունում հատ առ հատ նշված է՝ հարմարավետ արշավային կոշիկներ, հարմարավետ հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ, անձրևանոց (дождевик), ուսապարկ, ամառային գլխարկ, դեղատուփ, արևապաշտպան քսուք, արևային ակնոց, լապտեր (фонарик), մեկօրյա սնունդ և 2 լիտր ջուր: Սա այն ամենն է, ինչ ձեզ պետք է գալու մեկ օր ճանապարհին լինելիս:
Ուշադիր եղեք հատկապես կոշիկների ընտրությանը՝ հնարավորության դեպքում նախապատվությունը տալով հենց արշավային կոշիկներին: Չնայած դրան՝ սովորական սպորտային կոշիկներն էլ «գործն ավարտին կհասցնեն»՝ տեղ-տեղ փոքրիկ սայթաքումներ «ապահովելով»:
Կարևոր է նաև «հացի խնդիրը». սար բարձրանալիս մոռացեք, որ գուրման եք կամ էսթետ. լավ կարմրած սթեյքը /եվրոպական սպասքով ու վինտրաժային սփռոցի վրա/ վայելելու ժամանակը չէ: Ձեզ սենդվիչները, շոկոլադը, մրգերն ու բանջարեղենն էլ են հերիք՝ քիչ քանակությամբ և քաղցը հագեցնելու պայմանով:
Մի խոսքով, աշխատեք՝ ուսապարկի ծանրությունը ստամոքսի ծանրության չվերածել՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:
Ի՞նչ է ինձ սպասվում
Եթե մտածում եք ուժեր խնայելու և էներգիան հավասարաչափ բաշխելու մասին, ապա հանգիստ եղեք. ձեզ ոչ ոք թույլ չի տալու արագություն զարգացնել՝ ցուցադրելով մկանների հզորությունը: Անվտանգության կանոնների համաձայն՝ լեռ բարձրանալիս առջևում արշավախմբի ղեկավարն է, իսկ ամենավերջում՝ խմբի փորձառու անդամներից մեկը: Այնպես որ, դուք թիմում եք ու շարքում:
Եթե վերելքի ընթացքում ծագած դժվարությունների պատճառով չեք կարող շարունակել ուղին, ապա միայնակ նստել, թիմին սպասելու տարբերակը բացառեք: Ճանապարհի ընկերները գիտեն իրար մասին հոգալ՝ մանավանդ նրանք, ովքեր հաճախ են «գործ ունենում» բնության հետ:
Բայց սա արշավի միակ հաճելի պահը չէ, միևնույն է՝ ամենան գագաթում է, երբ հաղթահարված են բոլոր դժվարությունները և դուք նայում եք, ասենք՝ 3063 բարձրությունից: Շուրջը թեթև մառախուղ է ու, թվում է, ձեռքը երկարելու դեպքում, գոնե մի կտոր ամպ բաժին կհասնի:
Վայելեցի՞ք՝ երկնքից, ապա՝ նաև սարից ցած իջնելու ժամանակն է: Վերցրեք տպավորություններն ու լուսանկարեք ամեն քար ու թուփ. հետո վերհիշելու առիթներ շատ կլինեն:
Ավելի մանրամասն՝ el.am