Հարցազրույց բեմադրիչ Վիգեն Ստեփանյանի հետ․
– Պարոն Ստեփանյան, վերջին տարիներին Դուք ինչպես հին իշխանությունների, այնպես էլ նոր իշխանությունների օրոք եք անգործ, ինչո՞ւ։ Միակ բացառությունը Կամերային երաժշտական թատրոնում Ձեր «Տերն ու ծառան» բեմադրությունն էր, որը դարձյալ հրավիրյալ ռեժիսորի կարգավիճակում եք բեմադրել։
– Չգիտեմ, ստացվում է՝ ես թատրոնին պետք չեմ, ոչ մի բան չի փոխվել, եթե չհաշվենք Կամերային թատրոնի հրավերը։ Մի բան է փոխվել՝ եթե առաջ երազում էի, սպասում էի, երբեմն՝ նեղանում, վիրավորվում, թե ինչու են ինձ անտեսում, հիմա չեմ վիրավորվում և ոչինչ էլ չեմ սպասում, ավելին՝ չեմ էլ ուզում։
– Ինչո՞ւ։
– Դա ներքին զգացողություն է, որ չի կարող լինել միշտ կարծր ու գնալով ավելանա, որովհետև աշխատանքն է բերում նոր պրոյեկտներ, նոր մտքեր։ Երբ աշխատանք չկա, ինքդ քո հանդեպ դառնում ես թերահավատ։ Եթե մարդիկ չեն հրավիրում, գուցե այդպես է պետք։ Ասեմ ավելին՝ դեռ մեկ տարի առաջ հանգամանքների բերումով ես պետք է դառնայի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղղեկավարը, ինչ-ինչ պատճառներով ընտրվեց և նշանակվեց ուրիշ մարդ։ Չեմ ասում, որ դա ինձ կոտրեց, բայց մեծ աշխատանք էի տարել՝ թատրոնի ծրագրի հետ կապված։
– Այսինքն՝ առաջա՞րկ էր արվել Ձեզ։
– Այո, հետո մեկ շաբաթվա մեջ ամեն ինչ փոխվեց։ Հիմա ես չեմ սպասում որևէ հրավերի, եթե անգամ լինի, չեմ կարծում, որ կհամաձայնեմ։
– Բայց երկրում իրավիճակ է փոխվել։
– Միանգամայն համաձայն եմ, որ երկրում շատ բան է փոխվել։ Անձամբ ինձ համար շատ հաճելի է, որ գտնվեց մի ուժ, որը կարողացավ Հանրապետականի թայֆայի դեմ դուրս գալ ու տապալել այն։ Երկրում նոր իրավիճակ է հաստատվում, այդ ամենը շատ ողջունելի է, սակայն ինձ հետ դա որևէ առնչություն չունի, որովհետև երբ ես ծրագրեր էի կազմում, դրանք երբեք չեն եղել հանրապետական կամ կուսակցական ծրագրեր, դրանք եղել են արվեստի հետ առնչություն ունեցող գործեր ու որևէ իշխանության հետ կապ չունեն։ Ինչ վերաբերում է մշակույթի ոլորտին, անկեղծ ասած՝ չեմ ուզում քննադատական խոսք ասել, որովհետև չգիտեմ ինչը քննադատել։
– Այսինքն՝ փոփոխություն չե՞ք տեսնում։
– Փոփոխություն ո՞նց տեսնեմ, եթե փոփոխություն չկա։ Գուցե հայ-իտալական հարաբերություններում կա, որովհետև հայ-իտալական ընկերությունը պետք է զբաղվի հին հայկական մշակութային արժեքների վերականգնմամբ, բայց ես, լինելով Կինոմիության նախագահության անդամ, Կինոդերասանների գիլդիայի նախագահը, Թատերական գործիչների միության նախագահության անդամ, տեղյակ չեմ ո՛չ կինոյի և ո՛չ էլ հատկապես թատրոնի օրենքների մասին, որի մասին բարձրաձայնել է նախարարը։ Արդյոք ստեղծվե՞լ է թատրոնի մասին օրենք, ի՞նչ է այն իրենից ներկայացնում՝ ես անտեղյակ եմ։ Եթե պետք է ստեղծվի ու մեզ դեմ տրվի, որ սա է օրենքը, ինչպես Ամիրյանի օրոք էր, որը ոչ թե օրենք էր, այլ բիզնես ծրագիր, ու մեզ ներկայացվի, որ ուզում եք-չեք ուզում, մեկ է՝ սա է լինելու, ինձ համար այդ տարբերակն անընդունելի է։ Շատ կարևոր է այդ նոր օրենքները գրելու ժամանակ նաև մեզ հետ հաշվի նստել, որովհետև մենք, ի վերջո, թատրոններ ենք ստեղծել, թատրոններում ենք աշխատել, գուցե մենք էլ ինչ-որ բան ունենք ասելու։ Իմ իմացությամբ որևէ հանձնաժողով չկա, եթե ստեղծվեր, որպես նախագահության անդամ՝ կիմանայի, բայց որևէ քննարկման կամ մտքերի փոխանակման ներկա չեմ եղել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում