Քաշ կորցնելու համար լավագույն միջոցը ցածր կալորիականությամբ ապուրներով, սննդարար կոկտեյլներով և այլ հեղուկներով սնվելն է, պնդում են բրիտանական BMJ բժշկական ամսագրում հրապարակված նոր հետազոտության հեղինակները։
Օքսֆորդի համալսարանի մասնագետների կողմից իրականացված վերջին հետազոտության համաձայն՝ այդպիսի «հեղուկ դիետան» թույլ կտա ավելի արդյունավետ նիհարել, քան բժիշկների կողմից նշանակվող դիետան։
«Սովորական դիետային հետևելը անհավանականորեն ձանձրալի է, և մարդիկ շատ ծանր են հետևում ամբողջ տարին սնվելու խիստ ծրագրին։ Պետք է կենտրոնացնել բոլոր ուժերը առաջին 12 շաբաթների ուղղությամբ և կալորիաների քիչ օգտագործման հաշվին բավականին արագ և նկատելիորեն նիհարել» ,–պարզաբանում է աշխատանքի հեղինակ, բժիշկ և Օքսֆորդի պրոֆեսոր Փոլ Էյվյարդը։
Նոր դիետան նախատեսված է այն մարդկանց համար, որոնք լուրջ խնդիրներ ունեն քաշի հետ՝ մարմնի քաշի ավելի քան 30 ինդեքսով, որոնց մոտ չի ստացվում նիհարել նույնիսկ այն բանից հետո, երբ փոխել են սննդակարգն ու կենսակերպը։
Կալորիաների օգտագործումը նվազում է սովորական սնունդը հատուկ մշակված հեղուկներով, ապուրներով և ցածր կալորիականությամբ թեթև ուտեստներով փոխարինելու հաշվին՝ կաթի, ջրի և դիետիկ հավելումների հարուստ մանրաթելերի հավելմամբ։
Դիետայի փորձարկմանը մասնակցել է 278 ճարպակալման խնդիր ունեցող պացիենտ Օքսֆորդշիրից։ Նրանց կեսը 8 շաբաթ շարունակ հետևել է Քեմբրիջում մշակված քաշի նվազեցման ծրագրին, որը կրճատում է կալորիաների օրական օգտագործումը 810 կիլոկալորիայով, ապա հաջորդ 4 շաբաթվա ընթացքում աստիճանաբար սննդակարգում ներառել են նաև այլ մթերքներ։
Բացի այդ, 24 շաբաթ շարունակ ամեն շաբաթ այս պացիենտները հանդիպել են հոգեթերապևտին, որն օգնել է նրանց հետևել դիետային ու շարունակել քաշ կորցնել։ Երկրորդ խումբը հետևել է սովորական դիետայի։
Փորձի ամբողջ ընթացքում մարդիկ, որոնք հետևում էին «հեղուկ դիետային» ավելի արագ են քաշ կորցրել, քան վերահսկվող խմբի մասնակիցները։
Մեկ տարի անց նրանք միջինում 10.7 կգ քաշ են կորցրել այն ժամանակ, երբ վերահսկվող խմբի պացիենտները միջինում նիհարել են 3.1 կգ։
Նրանց մոտ լավացել է նաև ճնշման ցուցանիշն ու խոլեստերինի մակարդակը։ Իսկ պացիենտները, որոնք տառապում էին 2-րդ կարգի շաքարախտից (այն հաճախ զարգանում է ավելորդ քաշով տառապող մարդկանց մոտ), կարողացել են էականորեն նվազեցնել ընդունվող դեղամիջոցների չափաքանակը։