Միջերկրածովյան սննդակարգը նվազեցնում է դեպրեսիայի առաջացման վտանգը
Advertisement 1000 x 90

Միջերկրածովյան սննդակարգը նվազեցնում է դեպրեսիայի առաջացման վտանգը

Միջերկրածովյան սննդակարգը նվազեցնում է դեպրեսիայի առաջացման վտանգը, իսկ ճարպոտ և քաղցր սնունդը, հակառակը, մեծացնում է այն, ասվում է Molecular Psychiatry-ում հրապարակված հոդվածում։ Բժիշկներն այս եզրահանգմանն են եկել համադրելով տարբեր հետազոտությունների արդյունքները։

Բրիտանացի, ֆրանսիացի և ավստրալիացի բժիշկները՝ Լոնդոնի համալսարանական քոլեջից Թանսիմ Աքբարելի ղեկավարությամբ, որոշել են սննդակարգի և դեպրեսիայի կապի վերաբերյալ հետազոտությունների մետաանալիզ կատարել։ Նրանք ուսումնասիրել են 1946-2018թթ. ժամանակահատվածի տվյալների բազաները և գտել 41 հոդված, որոնցում ուսումնասիրված են այս կամ այն խմբերի մարդկանց սննդակարգը և նկարագրված է նրանց վիճակը։

Արդյունքում հետազոտողներն ուսումնասիրել են 12 զարգացած և զարգացող երկրներից ավելի քան 50 հազար մարդու վերաբերող հետազոտությունները։ Դրանցից ավելի քան 36.5 հազարի դեպքում հայտնաբերվել է միջերկրածովյան սննդակարգի և ընկճախտի կապը։

Պարզվել է, որ մարդկանց մոտ, ովքեր միջերկրածովյան կամ դրան մոտ սննդակարգի են հետևել (բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, ընդեղեն, ձուկ, չափավոր գինի), դեպրեսիայի առաջացման վտանգը 33 տոկոսով ավելի քիչ է եղել, քան նրանց մոտ, ովքեր նախընտրել են ճարպոտ, քաղցր և մեծ քանակությամբ վերամշակված սնունդ։

Հետազոտությունների հեղինակների կարծիքով՝ շաքար և հագեցած ճարպեր պարունակող մեծ քանակությամբ սնունդը կարող է հանգեցնել աղիների բորբոքման, ինչպես նաև վատ ազդել աղիների միկրոֆլորայի վրա։ Իր հերթին աղիների բորբոքումը կարող է օրգանիզմի անընդհատ բորբոքում առաջացնել. «Քրոնիկական բորբոքումը կարող է ազդել հոգեկան առողջության վրա, եթե բորբոքատար մոլեկուլները հայտնվեն ուղեղում…»։

med.news.am