Թուրքական Birgun պարբերականի լրագրող Զաֆեր Դիփերն անդրադարձել է այն հանգամանքին, որ թուրքական երաժշտության համար մեծ գործեր արած հայտնի հայ կոմպոզիտոր, հոգևորական Կոմիտասի արձանը Փարիզում կա, սակայն իր ծննդավայր Քյութահյայում չկա։
Զաֆեր Դիփերն իր հրապարակման մեջ Կոմիտասին համարում է ոչ միայն հայտնի կոմպոզիտոր, հոգևորական, բանահավաք, այլ նաև էթնոերաժշտագիտության առաջին մասնագետներից մեկը։
«Կոմիտասը մանուկ հասակից որբ է մնացել։ Կրթություն է ստացել Գևորգյան ակադեմիայում, այնուհետ Թիֆլիսում երաժշտական և կրոնական կրթություն է ստացել։ Նա արդեն 25 տարեկանում հոգևորական է դարձել։ Էջմիածնում մնալուց հետո արդեն վարդապետ է դարձել։ Նա իր երաժշտական կրությունը շարունակել է Գերմանիայում։ Այս հողերում ծնված և մեծացած երաժիշտը շրջել է գյուղերով, հավաքել 3000 հայկական, թուրքական, քրդական և արաբական ժողովրդական երգեր։ 1912-1915 թվականներին դասավանդել է «Թուրքական օջախներում»։
Սակայն 1915-ի ապրիլի 24-ին աքսորի է ուղարկվել։ Իհարկե, որոշ թուրք մտավորականների խնդրանքով նրան ազատ են արձակել, սակայն աքսորի ժամանակ տեսածները նա չկարողացավ մարսել և հոգեկան խնդիրների առաջ կանգնեց։ բուժման համար ուղարկեցին Փարիզ, սակայն կյանքի վերջին 18 տարում ոչ խոսեց, ոչ արտասվեց, որ երգեց, որ նվագեց և մահացավ հոգեբուժարանում։ Փարիզում կանգնեցվեց նրա արձանը։
Մի թե՞ թուրք դասական երաժշտության, ժողովրդական երգերի հավաքման ու դասակարգման և մեզ հասցնելու համար նա արժանի չէ, որ մի արձան էլ իր ծննդավայր Քյութահյայում կանգնեցվի։
Չի կանգնեցվում, քանի որ նա հայ է…»,- գրել է Զաֆեր Դիփերը։