Պարզվում է՝ սպորտի սիրահարները հոր դերի լավագույն թեկնածուներն են: Սպորտով զբաղվելը դրական է ազդում ապագա երեխաների առողջության վրա, հայտնում է Diabetes ամսագիրը:
Ամերիկացի գիտնականներն իրենց եզրակացությունները կատարել են կրծողների մասնակցությամբ անցկացված հետազոտությունների հիման վրա: Փորձերի համար ընտրվել են առողջ արու մկներ, որոնցից կեսին կերակրել են յուղոտ սննդակարգով, ինչը նպաստել է ճարպակալման, մետաբոլիզմի խնդիրների և դիաբետի առաջացմանը: Գեր և բարեկազմ առանձնյակներին ևս երկու խմբի բաժանելով՝ գիտնականները ստիպել են նրանցից երկուսին պարբերաբար անիվը պտտել և այլ վարժություններ կատարել, իսկ մնացյալը վարել են քիչ շարժունակ կենսակերպ:
Կենսաբաններն այնուհետև բոլոր փորձակենդանիներին խաչասերել են առողջ էգերի հետ և ստուգել, թե սննդակարգն ու ծանրաբեռնվածություններն ինչպես են ազդել սերունդի վրա: Պարզվել է, որ բոլոր չորս խմբերի մկների սերունդների մոտ տարբերվել են մետաբոլիզմի բնույթը, ֆիզիկական ակտիվության մակարդակը և այլ ցուցանիշները:
Այսպես՝ այն մկնիկները, որոնց հայրերը նստակյաց կենսակերպ են վարել, զգալիորեն ավելի հաճախ են արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակ ունեցել և ավելի արագ են դիաբետիկ դարձել, քան այն արուների սերունդը, որոնք ֆիզիկական վարժություններ են կատարել: Սա հատուկ էր ինչպես յուղոտ, այնպես էլ սովորական սննդակարգով կերակրված կրծողներին:
Գիտնականներին առայժմ չի հաջողվել հասկանալ նման օրինաչափության ամբողջ մեխանիզմը, սակայն նրանք համոզված են, որ այս տվյալները կօգնեն մարդկությանը պաշտպանել ճարպակալման համաճարակից և արագացնել ավելորդ քաշի դեմ դեղամիջոցների ստեղծումը: