Բրազիլացիները սկսել են Հայաստանի պատմությունն ուսումնասիրել և մտադիր են այն ներկայացնել բրազիլական կառնավալի ժամանակ։
Առաջին անգամ աշխարհում հայտնի փառատոնը` Բրազիլական կառնավալը Հայաստանի գույներով կներկվի։
Հայկական տարազներն ու Նոյյան Տապանի ժամանակաշրջանից մինչև ժամանակակից օրերի Հայաստանի պատմությունը 2019 թվականին կներկայացվեն փառատոնի շրջանակում կազմակերպվող շոու ծրագրին։ Այս մասին Sputnik Արմենիայի ռադիոկայանի եթերում ասացին շոու ծրագրի նախաձեռնողներ, Սան Պաուլոյի Sociedade Rosas de Ouro սամբայի դպրոցի ներկայացուցիչներ Անդրե Մաշադուն (Andre Machado) և Անժելինա Բազիլիուն։
Բրազիլական կառնավալը` Բրազիլիայում ամեն տարի տեղի ունեցող փառատոն է, որն անցկացվում է Զատկից 40 օր առաջ և ազդարարում Մեծ պահքի սկիզբը։ Մեծ պահքի ժամանակ հռոմեա-կաթոլիկները պետք է զերծ մնան բոլոր մարմնական հաճույքներից, մասնավորապես` միս օգտագործելուց։ Կառնավալը, որը, ինչպես համարվում է, ծագում է հեթանոսական սատուռնատոներից, մսից հրաժարվելու ակտ կարող է համարվել։ 2019 թվականին կառնավալն անցկացվելու է մարտի 2-5-ը։
Այսօր Մաշադուն և Բազիլիուն Հայաստանում են, մոտիկից ծանոթանալու այս հին երկրի մշակույթին և պատմությանը։
Սա թույլ կտա նրանց գրագետ պատկերացնել Հայաստանը կառնավալի ճիշտ բեմականացման համար։
«Ամեն ինչ սկսվեց մի քանի ամիս առաջ, երբ պարային կոլեկտիվի ներկայացուցիչները Հայաստանի մասին հաղորդում տեսան։ Այդ ժամանակ էլ առաջացավ` Հայաստանի մշակույթն ու կենցաղը, ինչպես նաև երկրի հարուստ պատմությունը կառնավալի 65-րոպեանոց շոու ծրագրում ներկայացնելու գաղափարը։ Դա հետաքրքիր է ինչպես Հայաստանին, այնպես էլ Բրազիլիային։ Նման բան դեռ չի եղել»,- ասաց Մաշադուն։
Նրա խոսքով` ծրագիրը բազմակողմանի է լինելու` հաշվի առնելով Հայաստանի պատմության ողբերգական էջերը. Պատերազմներ, Ցեղասպանություն, հալածանքներ։ Շոուն 5 մասից է բաղկացած։ Առաջին մասում կներկայացվի հայ ժողովրդի ծագումը, կպատմվի Արարատ լեռան վրա հանգրվանած Նայյան Տապանի մասին։ Երկրորդ մասը` կներկայացնի հայ ժողովրդի մարտական ոգին, հայերը` մարտիկներ են։
Երրորդ մասը ցույց կտա հայ ժողովրդի հոգևոր բաղկացուցիչը` եկեղեցիներ, գիր, Մեսրոպ Մաշտոց և այլն։ Չորրորդ մասը նվիրված է Հայաստանին` Առաջին հանրապետության կայացման շրջանից սկսած, մի հատված այստեղ հատկացված կլինի ֆրանսահայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրին։
Վերջին՝ հինգերորդ մասը ներկայացված կլինի Հայոց ցեղասպանությամբ, հայկական համայնքով, ինչպես նաև ժամանակակից Հայաստանով։ Շոու ծրագրի ավարտական մասը տեղի կունենա Սան Պաուլոյի «Արմենիա» հրապարակում։ Այնտեղ է գտնվում նաև հայկական եկեղեցին և համայնքի շենքը։ Ի դեպ, Սան Պաուլոյում 45 հազար հայ է բնակվում։ Ընդ որում՝ մասնակիցները հայկական տարազներով են հանդես գալու։
Խոսելով հայերի և բրազիլացիների նմանության մասին Անժելինու Բազիլիուն ընդգծեց, որ նրանց միավորում է ժպիտն ու հպարտությունը։
«Մենք ձեր ժողովրդի մեջ ուրախություն, ժպիտ տեսանք։ Բացի այդ հայերը, ինչպես և բրազիլացիները` հպարտ ժողովուրդ են։ Դա է մեզ միավորում»,- ասաց Անժելինուն։
Նրա խոսքով` սա ևս մեկ մարտահրավեր կլինի, որպեսզի աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև հայերի և բրազիլացիների միջև ամուր բարեկամության երաշխիք կդառնա։
Շոու ծրագրին մասնակցում է նաև ծագումով հայ հայտնի երգչուհի Սիբիլը։ Նա ծանոթացել է դպրոցի ներկայացուցիչների հետ Սան Պաուլոյում։ Իմանալով նրա պատմությունը՝ երգչուհուն հրավիրել են մասնակցելու լայնածավալ շոու ծրագրին։