Հավայի կղզային նահանգի Գերագույն դատարանը հավանություն է տվել 30-մետրանոց հսկայական հեռադիտակի կառուցմանը Մաուն-Կեա արշիպելագի ամենաբարձր գագաթին, որը տեղի բազմաթիվ բնակիչներ սրբազան են համարում:
Խոսքը 1,4 մլրդ դոլար արժեքով աստղադիտակի մասին է, որի կառուցումն սկսվել էր տակավին 2014 թվականի հոկտեմբերին: Բայց դրանից շատ չանցած աշխատանքները հարկ եղավ դադարեցնել տեղի բնակիչների զանգվածային բողոքների պատճառով: 2015 թվականի դեկտեմբերին Հավայիի Գերագույն դատարանը չեղարկեց հեռադիտակի կառուցման թույլտվությունը՝ մատնանշելով պայմանագիրը կնքելիս թույլ տրված բազմաթիվ խախտումները:
2017 թվականի հոկտեմբերին նահանգի հողամասերի և բնական պաշարների վարչությունը օբյեկտի կառուցման նոր թույլտվություն էր տվել: Հոկտեմբերի 30-ին դատարանը հավանություն տվեց դրան՝ ոչ մի խոչընդոտ չգտնելով աստղադիտակի շինարարության համար: Ինչպես հայտնել է Associated Press գործակալությունը, տեղի ակտիվիստներն ու բնիկ հավայցիների համայնքների առաջնորդները հայտարարել են, որ ցնցված են նման որոշումից:
Հավայան կղզիներում ծովի մակերևույթից 4050 մետր բարձրության վրա աստղադիտակն ստեղծվում է ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի, Կանադայի և Հնդկաստանի մասնակցությամբ: Այն իրենից ներկայացնելու է 655 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բացառիկ հայելային համակարգ, որը հավաքված է 492 սեգմենտներից՝ յուրաքանչյուրը 1,4-ական մետր:
Դա լինելու է վերգետնյա այն երեք խոշորագույն աստղադիտակներից մեկը, որոնք պետք է կառուցվեն մինչև 2020-ական թվականները: Այս աստղագիտական գործիքը հնարավորություն կտա կատարել ինչպես օպտիկական, այնպես էլ ինֆրակարմիր ընդգրկույթի դիտարկումներ՝ հավաքելով ինն անգամ ավելի շատ տեղեկատվություն, քան ժամանակակից հեռադիտակներից խոշորագույնները: Գիտնականների խոսքով՝ դա աննախադեպ հնարավորություններ կտրամադրի տիեզերական օբյեկտների ուսումնասիրման համար: