Նորայր Դավթյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղում գինու արտադրամաս է բացել։ Նա ուզում է իր կենվորներին գինի ու տեղական արտադրության համեղ խորտիկներ հյուրասիրել։
Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Նորայր Դավթյանը Ռուսաստանում 15 տարի բնակվելուց հետո հայրենի տուն է վերադարձել։
Երիտասարդը որոշել է բացել իր «գինու բակը» և զբոսաշրջիկներին հայրենի գյուղ բերել։ Նա վստահ է, որ իր ուզածին կհասնի, և պատրաստ է ցանկացած այցելուի հյուրասիրել իր նախնիների բաղադրատոմսով պատրաստած սպիտակ գինին։
«Մենք ոչ միայն ընտիր խաղող ենք օգտագործում, այլև գինու մեջ մեր հոգին ու սերն ենք դնում։ Այցելուները հաստատ հիացած կմնան։ Գինու հետ նաև համով ուտեստ կլինի»,- Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Նորայրը։
Ի դեպ, գինեգործն ամուսնացած չէ ու հարսնացու է փնտրում։ Ասում է` կարևոր չէ` հարսնացուն գյուղից կլինի, թե քաղաքից, կարևորը` գեղեցիկ ու բարի լինի։ Ապրելու են հորական տանը, որը կառուցել են դեռ ապուպապերը։ Իսկ հիմա այստեղ ծնունդներ ու հարսանիքներ են նշելու։
Նորայրը վստահ է, որ տեղը բոլորին կբավականացնի ու անակնկալներ է խոստանում։
Դժվար չէ գուշակել, որ նվերը երաժշտական է լինելու, քանի որ «գինու բակի» սեփականատերը ստեղնաշարային գործիքներ է նվագում և ընկերներին ու ծանոթներին ուրախացնելու հնարավորությունը բաց չի թողնում։
Նորայրը երկար է մտածել` ինչպես սեփական գործ բացի ու ինչով զբաղվի, բայց երբ համայնքում սկսել է գործել ՄԱԿ-ի «Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ծրագիրը, խնդրի բանալին ինքնըստինքյան է գտնվել։
Դավթյանները գինեգործների, դարբինների ու երաժիշտների տոհմ են։ Նորայրն «ընկերություն է անում» երաժշտության հետ, բայց գինին ավելի ձեռնտու ու հետաքրքիր զբաղմունք էր։ Հարցը հենց այսպես էլ լուծվեց։
«Աշխատատեղերն առայժմ քիչ են, բայց ժամանակի ընթացքում ուզում ենք ընդլայնել բիզնեսն ու ներգրավել տեղացիներին։ Անհրաժեշտ մթերքը գնելու ենք գյուղացիներից. Էկոմթերքից լավ ի՞նչ կարող է լինել»,- ասաց գինեգործը։
«Գյուղական տուրիզմի ինտեգրված զարգացում» ՄԱԿ–ի զարգացման ծրագրի նախագծի ղեկավար Արման Վալեսյանի խոսքով` սա Տավուշի մարզի միակ դրախտային վայրը չէ։ Շուտով այդ մարզում բազում հետաքրքիր անկյուններ կլինեն։
«Նախաձեռնությունը ֆինանսավորում է Ռուսաստանը։ Բյուջեն երեք միլիոն դոլար է, որն ուղղվելու է գյուղի բնակիչների համար հնարավորություններ ստեղծելուն ու զբոսաշրջության զարգացմանը»,- ասաց նա։
Վալեսյանն ընդգծեց, որ ծրագրի շրջանակում նախագծեր են իրականացվելու 60 գյուղում։ Նա վստահ է, որ բոլոր նախածերն էլ հաջողությամբ կիրականացվեն ու կգրավեն ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ տեղի բնակիչներին։ Վերջիններս ոչ միայն շահույթ են ստանալու, այլև նոր ու հետաքրքիր աշխատանքով են զբաղվելու։