Ալեքսանդրապոլի գավառի բնակչությանը թուրքական վտանգի դեմ հանդիման մնում է անօգնական: Բախտի քմահաճույքին մնացած բնակչությունը ստիպված է լինում «աղ ու հացով» դիմավորել իր թշնամուն:
Կզըլչախչախի գրավումից հետո, երբ լուրջ վտանգ է կախվում Ալեքսանդրապոլի գլխին, քաղաքը մատնվում է անիշխանության: Չնայած կառավարության որոշմանը՝ քաղաքացիական վարչության անդամները, շրջանային ինքնավարության նախագահը, վարչության անդամները և ընդհանրապես բոլոր պաշտոնյաները, նոյեմբերի 5-ի լուսաբացին թողնում են քաղաքը՝ մատնելով այն անիշխանության, ավերման ու հրդեհման:
Քաղաքի զինվորական և քաղաքացիական իշխանությունների փախուստն էլ ավելի է մեծացնում բնակչության խուճապը, որը սկսվել էր Կարսի անկումից հետո:
Արևելյան բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը նոյեմբերի 7-ին Ալեքսանդրապոլի քաղաքագլխին ուղղված նամակում երաշխավորում էր կյանքի, պատվի և ունեցվածքի անձեռնմխելիություն, անվտանգություն և կարգուկանոն: «Դաշնակցականների կողմից շարունակւած խառնակութեան հետևանօք, – գրում է Կարաբեքիրը,- բանակս ստիպվեցավ յառաջ խաղալ: Երկու կողմի կառավարութեան մեջ մինչև հաշտութեան պայմանները որոշւելը Արևելյան հրամանատարութիւնը և Երևանի կառավարութիւնը ընդունած են, որ Գյումրին գրավվի:
Գյումրիի բերդը և կայարանը գրավելու մասին որոշած զօրամասը այսօր ճաշից յետոյ որոշեալ տեղը պետք է հասնին: Իմ ամենաբուռն ցանկութիւնն է, որ զօրքը մտած ժամանակ ժողովրդեան կեանքին, պատւին ու գոյքին ձեռք չպետք է տրւին, խնդրում եմ, որ բոլորը վստահութեամբ իւուրաքանչիւր մարդ իր գործով զբաղւի: Քաղաքի ապահովութիւնը և խաղաղութիւնը պահպանելը Ձեր խնամքին կը յանձնւին, մինչև որ Ձեր կողմից օգնութիւն չպահանջւի մեր կողմից երբեք միջամտութիւն չը պիտի լինի: Յատկապես կը բարևեմ Գյումրիի ժողովրդին: Թող իրազեկ լինեն այս յայտարարութեանը և եթէ ունեն մի ուրիշ ցանկութիւն, խնդրում եմ, որ մի մարմնի միջոցով ինձ յայտնեն այդ մասին»:
Լուսանկարում՝ 1880-ականների Ալեքսանդրապոլը