Զբոսավար Մարիամ Մարգարյանի գրառումը. «Ամյուկ բերդը Վանի ափին…
Թիմար, Արևմտյան Հայաստան:
Գնունիք, Վասպուրական, Մեծ Հայք:
ԹԻՄԱՐ. գավառ Արևմտյան Հայաստանի Վանի նահանգում, Մարմետ գետի (Կարասու) ստորին հոսանքի շրջանում: Հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից էր Բերկրի, արևելքից` Արճակ, հարավից` Վան-Տոսպ գավառներին: Թիմարի վարչական կազմում էին նաև Վանա լճի Լիմ և Կտուց կղզիները: Տարածքը հիմնականում հարթ է՝ որոշ լեռնային շրջաններով: Արևմուտքում՝ լճափի երկայնքով, ձգվում է կաղնու անտառներով ծածկված Էրերինի լեռնաշղթան` Ս.Սահակ (Խաչգլուխ կամ էրերին, 2250մ) լեռնագագաթով, իսկ հյուսիսում` Խանագահի լեռները: Հնում Թիմարի հիմնական մասն ընդգրկել է Բոգունիքը, Ամյուկ բերդի շրջակայքը՝ Առբերանին: Ավելի ուշ Թիմարը կոչվել է Գնունիք կամ Ամկու երկիր:
XVIդ. թուրքական տիրապետության տակ ընկնելուց հետո Գնունիքը և Ամյուկը դարձել են Վանի փաշայի թիմարը (հողատիրույթը), որտեղից առաջացել է գավառի Թիմար անվանումը:
XIXդ.վերջին-XXդ. սկզբին` Վանի գավառի համանուն գավառակի գյուղախումբ (ավելի քան 60 բնակավայրով): Կենտրոնը` Ջանիկ (ուներ աղահանք): Միշտ ունեցել է հոծ հայ բնակչություն: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Թիմարի 20-25 հազար հայերը (բնակչության մոտ 70%-ը) զբաղվում էին հիմնականում հողագործությամբ (ընտիր հացահատիկների մշակություն, այգեգործություն) և արհեստագործությամբ (հռչակված էին Ջիրաշենի և Մարմետի բրուտները), որոշ գյուղերում` նաև ձկնորսությամբ:
1915թ. Մեծ եղեռնի ժամանակ Թիմարի հայերի մեծ մասը հերոսական ինքնապաշտպանությամբ փրկվել է թուրքական կոտորածից և գաղթել Արևելյան Հայաստան»: