Սնվելու հարցում ամենատարածված սահմանափակումներից մեկը երեկոյան վեցից հետո սննդից հրաժարվելն է։ Մինչդեռ, մասնագետները կարծում են, որ այս անառողջ սովորությունը կարող է շատ անբարենպաստ հետևանքներ ունենալ օրգանիզմի համար։
NEWS.am Medicine-ի հետ զրույցում դիետոլոգ Հասմիկ Աբովյանը նշել է, որ մարդն, ըստ էության, եթե սոված մնա 12 ժամից ավելի (այսինքն՝ մինչև առավոտյան նախաճաշը), ապա դա կարող է բերել ոչ թե քաշի կորստի, այլ հակառակը՝ ճարպակալման։
Բանն այն է, որ կտրուկ սահմանափակող դիետաների, ինչպես նաև 18.00-ից հետո սննդից հրաժարվելու դեպքում օրգանիզմում «Պատերազմ-Սով- SOS» գործառույթն է միանում։ Սա նշանակում է, որ օրգանիզմը նվազեցնում է էներգիայի ծախսը, կալորիաներն էլ, փաստացի, դադարում են այրվել հանգստի վիճակում։
Արդյունքում ամեն սննդի կտորը դառնում է ճարպ։ Սրա պատճառն այն է, որ «Պատերազմ-Սով- SOS» վիճակում մարդու հորմոնալ համակարգը սկսում է ուղղվել դեպի լիպոգենեզ (ճարպաթթուների սինթեզման գործընթաց)։
Այլ կերպ ասած, օրգանիզմում սկսվում է ճարպի կուտակման գործընթաց։
«Մի կողմից, երբ մենք քաղցում ենք, արդյունքում իսկապես քաշի կորուստ է նկատվում։ Սակայն սրան անմիջապես հետևում է քաշի կրկնակի ավելացումը»,-նշում է Աբովյանը։
Առողջության համար անցանկալի հետևանքներից խուսափելու համար դիետոլոգը խորհուրդ է տալիս նիհարել ցանկացողներին անպայման խորհրդակցել մասնագետի հետ։