Խաբեության տեխնոլոգիան․ վարչապետության վեց ամսում կատարվածի մասին. yerevan.today
Advertisement 1000 x 90

Խաբեության տեխնոլոգիան․ վարչապետության վեց ամսում կատարվածի մասին. yerevan.today

Նիկոլ Փաշինյանը չի դադարում մարդկանց խաբել՝ խեղաթյուրել, ներկայացնել ակնհայտ սուտ տվյալներ, ուրիշի կատարածն իրեն վերագրել՝ կատարողին վարկաբեկելով, ներկայացնել թվեր և ցուցանիշներ, որոնք հնարավոր չէ գտնել ոչ մի վիճակագրական տվյալում, որոնք համադրելի չեն կամ իրականության չեն համապատասխանում։ Այս ամենը ակնառու երևաց վարչապետության վեց ամիսների ընթացքում «կատարածը» Հրազդանում ներկայացնելիս։

Այժմ՝ ինչի՞ մասին է խոսել Նիկոլ Փաշինյանը և ինչպիսի՞ն է իրականությունը․

1․ 10 և 20 դրամով էժանացել է գազն ու լույսը սոցիալապես անապահով խմբերի համար որոշակի չափաքանակներով։

Իրականում – Էժանացման ծախսն իրենց վրա են վերցրել մատակարար ընկերությունները «Գազպրոմ Արմենիա»-ն և ՀԷՑ-ը, իսկ Նիկոլ Փաշինյանը վերագրում է իրեն։

2․ Ի հեճուկս նախկինում կառավարության կնքած պայմանագրերի, խմելու ջուրը ՀՀ-ում չի թանկացել, թեև այս դեկտեմբերին պետք է թանկանար, բայց մինչև 2024 թվականը չի թանկանալու:

Իրականում – Խմելու ջուրը թանկացել է, բայց կսկսենք դրա համար վճարել 2024-ից, իսկ մինչ այդ դրա դիմաց կառավարությունը համաձայնվել է նվազեցնել և հետաձգել «Վեոլիա ջրի» ներդրումային պարտավորությունները, իսկ ներդրումները կատարել վարկային միջոցներից։ Այսինքն, այսպես թե այնպես, մենք ենք վճարելու բարձրացման դիմաց՝ վարկ ներգրավելով, իսկ ներդրումները մինչ այդ կնվազեցվեն՝ խորացնելով ջրամատակարարման համակարգի մաշվածությունը։

3․ 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, ևս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա 2019 թվականի ընթացքում։

Իրականում – Խոսքը, հավանաբար, եկամտային հարկի և կուտակային հիմնադրամների վճարումներին է վերաբերվում։ Ամսական միջինը 4-5 հազար դրամի բարձրացման մասին է խոսքը։ Փոխարենը՝ նվազել են կուտակային համակարգ նոր մուտք գործած մոտ 100 հազար մարդկանց փաստացի աշխատավարձերը, իսկ ընդհանրապես կուտակային հիմնադրամների վճարումների հետագա տոկոսային փոփոխությունները բերելու են ոչ թե իրական աշխատավարձի ավելացման, այլ իջնելուն։

Եվս 200 հազար մարդը, հավանաբար, եկամտային հարկի համահարթեցման 23 տոկոս մասին է։ Բազմիցս ասվել է, որ դա չի ազդելու մինչև 150 հազար դրամ աշխատավարձ հարյուր հազարավոր ստացողների վրա, իսկ ահա բարձր աշխատավարձ ստացողների իրական աշխատավարձը իսկապես կբարձրանա։ Օրինակ՝ 2 մլն դրամ ստացողը 36 տոկոսի փոխարեն կվճարի 23 տոկոս եկամտային հարկ՝ հավելյալ 260 հազար դրամի եկամուտ ստանալով։ Ահա այսպիսի անարդար մոտեցում՝ բարձրացում բացառապես բարձր եկամուտ ունեցողների համար և անփոփոխ եկամուտ՝ ցածր աշխատավարձ ստացողների համար։

Ի դեպ, հիշեցնենք, որ 2014-ին տեղի ունեցավ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի 40-80 տոկոս բարձրացում, որի արդյունքում բարձրացման միջին չափը 70-80 հազար դրամն էր։ Ներկայիս «բարձրացման» հետ համեմատության եզր անգամ չկա։

4․ 85 հազար մարդու նպաստ ու թոշակ կավելանա հունվարի 1-ից:

Իրականում – Խոսքը 18-19 հազար դրամ ստացող մարդկանց մասին է, որոնք ստանում են բազային կենսաթոշակ, քանի որ չունեն աշխատանքային ստաժ՝ չեն աշխատել ամբողջ կյանքում։ Նրանք կստանան 25 հազար դրամ։ Մի կողմից՝ անարդար մոտեցում․ ամբողջ կյանքում չաշխատածների համար գումար է բարձրանում, իսկ աշխատածների թոշակները մնում է նույնը։ Մյուս կողմից՝ դարձյալ 6 հազար դրամի մասին է խոսքը, որը, ինչպես և նախորդ կետում եկամտային հարկից կուտակային հիմնադրամներին հատկացումների տոկոսների փոփոխությամբ ավելացած եկամուտը, այս տարվա բարձր գնաճը արդեն չեզոքացրել է։

5․ «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսներն իջել են աննախադեպ ցածր մակարդակի:

Իրականում – Այս ծրագրով և ընդհանրապես հիպոթեկային վարկերի տոկոսադրույքները տարեց տարի շարունակաբար իջել են։ Այս ծրագրով ներկայիս իջեցումն աննախադեպ չէ և չի բերել հիպոթեկային շուկայի ակտիվացման։ Բանն այն է, որ տնտեսության աճի տեմպի կտրուկ անկումը բացասաբար է ազդել բնակչության գնողունակության վրա, ադ թվում՝ բնականարաններ ձեռք առումով։ Այսինքն, տոկոսները իջել են, բայց մարդկանց եկամուտներն էլ նվազել են և տոկոսների իջեցումը դարձրել անիմաստ։

Ամբողջությամբ՝yerevan.today