Իտալացի մաթեմատիկոսները IMDb շտեմարանի օգնությամբ գտել են առավել ազդեցիկ ֆիլմերը մարդկության պատմության մեջ: Դրանք են՝ «Օզ երկրի կախարդը», «Աստղային պատերազմներ» և «Պսիխո»: Այս մասին տեղեկացնում է Applied Network Science ամսագրում հրապարակված հոդվածը: «Մենք չենք օգտագործում տոմսարկղի հավաքած գումարները կինոյի որակը գնահատելու համար. այդ որակների վրա բազմաթիվ գործոններ են ազդում: Նույնը վերաբերում է քննադատների խիստ սուբյեկտիվ տեսություններին: Մենք ստեղծել ենք ալգորիթմ, որը հնարավորություն է տալիս գնահատելու ֆիլմերի ազդեցությունը ըստ այն հանգամանքի, թե ինչ հաճախականությամբ են դրանց հղում անում ուրիշ կինոնկարներում»,- պատմում է Լիվիո Բիոլիոն (Livio Bioglio) Թուրինի համալսարանից (Իտալիա):
Գիտական կինոքննադատություն
Առաջին ֆիլմերը երևան են եկել XIX դարի վերջին Լյումիեր եղբայրների և կինեմատոգրաֆի ուրիշ ռահվիրաների շնորհիվ: Կինոն բավական արագ մարդկության մշակութային կյանքի մասը դարձավ: Կինոքննադատներն ու հանդիսատեսն արդեն երկար տարիներ վիճում են, թե որ ֆիլմերն են առավել նշանակալի եղել կինեմատոգրաֆի և առհասարակ քաղաքակրթության զարգացման համար: Ինչպես և արվեստի ուրիշ ոլորտներում, այդ հարցն առայժմ համընդհանուր ընդունված պատասխան չունի:
Օրինակ՝ արտասահմանյան կինոքննադատների մեծ մասը պատմության մեջ ամենանշանակալի և կարևոր ֆիլմը համարում է «Քաղաքացի Քեյնը», որը նկարահանել է Օրսոն Ուելսը 1941 թ.: Նրանց ռուս գործընկերներն էլ մատնանշում են Սերգեյ Էյզենշտեյնի «Պոտյոմկին» զրահանավը» կամ Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիսը»: Բիլոլիոն և նրա գործընկերները փորձել են վերացնել սուբյեկտիվ գործոնը, ուստի ստեղծել են եզակի ալգորիթմ, որը հնարավորություն է տալիս գնահատելու կինոնկարի ազդեցության, ճանաչվածության չափն ու որակը: Սկզբունքով այն նման է գիտնականների ազդեցիկության գնահատման վարկանիշներին կամ նրան, թե ինչպես են գործառում որոշ էվոլյուցիոն գործընթացներ բնության մեջ:
Նոր առաջատարները
Ամենաազդեցիկ ֆիլմերի «ամենաանաչառ» ցանկը կազմելիս մաթեմատիկոսները հիմնվել են IMDb համացանցային շետամարանի վրա, որն ընդգրկում է մանրամասն տեղեկատվություն 47 հազար կինոնկարների, 20 հազար ռեժիսորների և 400 հազար դերասանների մասին:
Վարկանիշի առաջատարն է դարձել «Օզ երկրի կախարդը», որը նկարահանել է Վիկտոր Ֆլեմինգը 1939 թ.: Դա առաջին լիարժեք գունավոր ֆիլմերից էր կինեմատոգրաֆի պատմության մեջ և մինչ օրս մնում է Ֆրենկ Բաումի համանուն վեպի ամենահաջողակ էկրանավորումը առևտրային տեսանկյունից: Հաջորդ տեղերը զբաղեցրել են Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմները», Ալֆրեդ Հիչքոկի «Պսիխոն», Մերիան Կուպերի «Քինգ-Քոնգը», Ստենլի Կուբրիկի «Տիեզերական ոդիսականը» և Ջեյմս Ուելսի «Ֆրանկենշտեյնը»:
Կինոքննադատների վարկանիշների առաջատարները նույնպես հայտնվել են այս ցանկում, բայց բնավ ոչ առաջին տեղերում: «Քաղաքացի Քեյնը» տեղ է գտել միայն յոթերորդ տողում, իսկ «Պոտյոմկին» զրահանավը» եզրափակում է քսանյակը:
Ամբողջությամբ՝ ankakh.com