Հայկական եթերի «լավագույն» սխալները. առանձնացրել է Լեզվի կոմիտեն
Advertisement 1000 x 90

Հայկական եթերի «լավագույն» սխալները. առանձնացրել է Լեզվի կոմիտեն

Լեզվի կոմիտեն, սկսած այն պահից, երբ այն նախագահում է Դավիթ Գյուրջինյանը, լուրջ աշխատանք է տանում հայերենը մաքրելու, մարդկանց մեջ ճիշտ խոսք ամրագրելու ուղղությամբ:

Այս անգամ Լեզվի կոմիտեն անդրադարձել է հայկական եթերի ու հատկապես հեռուստասերիալների լեզվաոճական անորակությանն ու սխալներին:

Երբ խոսվում է հայկական եթերի (հատկապես հեռուստասերիալների) լեզվական անորակության մասին, մեղավորները փորձում են արդարանալ` իբրև թե ներկայացնում են կյանքն ինչպես որ է: Մի քիչ ուշադիր լինենք ու կտեսնենք, որ ֆիլմերի լեզվավիճակը ոչ թե կյանքի, այլ հենց իրենց` այդ ֆիլմերը ստեղծողների հայելային արտացոլանքն է: Եթե ֆիլմում փողոցի տղան ասում է. «Մենակով ուր հելնեմ, էթամ», ու դա բացատրում են իրականությանը տուրք տալու «ազնիվ մղումով», ապա ինչո՞վ կբացատրեն կիրթ կերպարի (ինչպիսին, ասենք, «Նռան հատիկ» սերիալում հեռուստաընկերության տնօրենն է) անկիրթ խոսքը: Կարելի էր, չէ՞, գոնե այդպիսի կերպարների խոսքը հակադրել «կյանքի տղու» խոսքին, թեկուզ որպես ապացույց, որ կարող են և լավ աչքով նայել հայերենին:
Բայց ահա իրականությունը.
«Եթե հայրդ քո հեռախոսազանգերին չի պատասխանում, նշանակում է` ես զբաղված եմ»: Այստեղ երեք կերպար է շոշափվում՝ խոսողը, լսողը և լսողի հայրը: Բայց իրականում խոսողը հենց լսողի հայրն է: Տարօրինակ է. սովորաբար օտար լեզվով խոսելիս են այսպիսի սխալներ անում: Պետք էր ասել. «Եթե հայրդ քո հեռախոսազանգերին չի պատասխանում, նշանակում է` զբաղված է», կամ` «Եթե ես քո հեռախոսազանգերին չեմ պատասխանում, նշանակում է` զբաղված եմ»:
Այս անտրամաբանական խոսքը պատահական բան չէ: Ահա ևս մի օրինակ. «Ալլան ասաց, որ դու իրեն ասել ես, որ Ալլայի ամուսնուն դու ես սպանել»:
Սրանք նույն Ալլաներն են, խոսքը նույն մարդու մասին է: Ուրեմն ձևակերպումը սխալ է: Ուրեմն ճիշտ է. «Ալլան ասաց՝ դու իրեն ասել ես, որ իր ամուսնուն դու ես սպանել»:
Եվս մի անտրամաբանություն.
«Ես նրան ասել էի, որ գալու եմ քո հետևից»: Խոսողն իրականում ոչ թե գալու, այլ գնալու է, և ոչ թե խոսակցի, այլ երրորդ մեկի՝ նրա հետևից, ում մասին խոսում է: Ուրեմն պետք էր ասել` «Ես նրան ասել էի, որ գնալու եմ իր հետևից»:
Իսկ ահա սրա՞ն ինչ կասեք.
«Քո ամեն խոսքի տակ ես մի ամբողջ նախադասություն եմ տեսնում»:
Կատարյալ անհեթեթություն է: Սցենարի հեղինակը չի պատկերացնում, թե ինչ է խոսքը, ինչ է նախադասությունը: Այստեղ ճիշտ կլիներ ասել. «Քո ամեն ասածի տակ ես շատ բան եմ տեսնում», կամ՝ «Քո մի ասածից հազար բան եմ հասկանում» և այլն:
Հիմա սա.
«Ես անարդարություն եմ թույլ տվել ու պետք է վերականգնեմ այն»:
Բնականաբար խոսքը արդարության վերականգնման մասին է, բայց այս ձևակերպմամբ ստացվում է, որ ֆիլմի հերոսը պիտի վերականգնի անարդարությունը: Ճիշտ կլիներ. «Ես անարդարություն եմ թույլ տվել ու պետք է վերականգնեմ արդարությունը», «Ես արդարությանը դեմ եմ գնացել ու պետք է վերականգնեմ այն», «Ես անարդար բան եմ արել ու պետք է քավեմ մեղքս» և այլն:

Հաջորդը՝
«Նա մեր ոչ մի հարցին չպատասխանեց, որովհետև իրեն կարգին մարդու պես պահեց»:
«Որովհետև» շաղկապով սկսվում է պատճառի պարագա երկրորդական նախադասությունը, բայց այստեղ այդպես չէ:
Ճիշտ կլիներ. «Նա մեր ոչ մի հարցին չպատասխանեց, որովհետև կարգին մարդ է»: Կարելի է և առանց շաղկապի` «Նա մեր ոչ մի հարցին չպատասխանեց: Իրեն կարգին մարդու պես պահեց»:
Դե, իսկ ստորև բերվածներն, ինչպես ասում են՝ առանց խոսքի.
1. Էսօր տրամադրությունդ դուրս չի գալիս:
Որովհետև տրամադրություն չունեմ:

2. Ես տարվել եմ քեզնով:
Ես դրա համար միտումնավոր ոչինչ չեմ արել:
Գիտեմ, էդ ե՛ս եմ տարվել քեզնով առանց քո կողմից որևէ քայլ անելու:

3. Ես որ քեզ տենում եմ, միանգամից լավանում եմ ու լավ եմ ըլնում:

vnews.am