Ինչպե՞ս ամանորյա տոներից հետո հոգեբանորեն պատրաստվել կրկին անցնել աշխատանքի. խորհուրդ է տալիս հոգեբանը. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս ամանորյա տոներից հետո հոգեբանորեն պատրաստվել կրկին անցնել աշխատանքի. խորհուրդ է տալիս հոգեբանը. life.panorama.am

Life.panoramam.am-ը զրուցել է հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ՝ ստանալու խորհուրդներ, թե ինչպե՞ս ամանորյա տոներից հետո հոգեբանորեն պատրաստվել կրկին անցնել աշխատանքային բուռն գործունեության:

«Իհարկե, մեր կյանքում ցանկացած փոփոխություն առաջացնում է հոգեբանական հարմարման խնդիր: Այսինքն, երբ սկսվում են տոները, իսկ մենք մինչ այդ բավական ինտենսիվ գործունեություն ենք ծավալած լինում, ռիթմի փոփոխության մեջ ենք մտնում, մեր կյանքի որակը փոխվում է»,- մեզ հետ զրույցում նկատեց հոգեբանը և ավելացրեց.

«Բնականաբար, յուրաքանչյուրս ունենք հարմարվելու հատկանիշ: Եվ երբ տոնական օրերը երկար են տևում, ապա ինքնըստինքյան ցանկացած մարդ հարմարվում է իր կյանքի տվյալ ռիթմին: Սակայն, ինչպես Նոր Տարին, այնպես էլ ցանկացած տոն ունի իր ավարտը, ինչը ենթադրում է, որ կրկին պետք է անցնել ակտիվ, լեցուն, աշխատանքային գործունեության»,- նշեց հոգեբան Կարինե Նալչադյանը:

Նրա խոսքով՝ այս երևույթը շատերի մոտ կարող է սթրես առաջացնել.

«Պասիվ կյանքից դեպի ակտիվ կյանք անցնելը կարելի է համարել փոքրիկ սթրես կամ անցումային ճգնաժամ: Բայց ասել, որ դա շատ լուրջ և ծանր հետևանքներ է թողնում մարդու հոգեկան աշխարհի վրա, սխալ կլինի: Այնպես որ, ընդամենը երկու օր և կարծես թե ոչինչ չի փոխվել մարդու ապրելակերպի մեջ: Պարզապես հարկավոր է կենտրոնոնալ աշխատանքի կամ գուցե ուսման մեջ և վերջ»,- շեշտեց Կարինե Նալչադյանը:

Վերջինս անձամբ կողմնակից է ավելի կարճ տոների, քանի որ ըստ նրա՝ երկար ոչ աշխատանքային օրերի արդյունքում մարդիկ սկսում են ծուլանալ.

«Օրինակ, կան մարդիկ, որոնց համար սթրեսը երկար տանը մնալն է: Ես ինքս համարում եմ, որ մեզ համար տոնական օրերի շատ լինելը փոքր ինչ շքեղություն է: Այս դեպքում ծուլությունն ավելի երկար է տևում, հետևաբար՝ հարմարումն ավելի երկար: Վերջիվերջո, երկար տոնն էլ կարող է դառնալ առօրյա և հոգնեցնել»,- նկատեց հոգեբան Կարինե Նալչադյանը:

life.panorama.am