Իրերը և մարդիկ։ Ի՞նչ կարելի է պահանջել ու ի՞նչ սպասել թե՛ մեկից, ու թե՛ մյուսներից։
Արևմտյան հոգեբան-բիհևիորիստներն արդեն վաղուց կատարում են կապիտալիստների պատվերները. Նրանց օգնում են ավելի լավ վաճառել ապրանքները։ Հոգեբանները դարձել են կապիտալը սպասարկող մարքետոլոգներ։ Հոգեբաններն ուսումնասիրում են մարդու՝ որպես գնորդի վարքագիծը, ընդ որում ,նրանց հետաքրքիր է հասկանալ միայն մեկ բան՝ ինչպես անել այնպես, որ գնորդներն ավելի շատ գնեն։
Մեռած իրերի դիզայնի օրենքը՝ «Շատ ֆունկցիաներ, և բոլորն էլ վատ են աշխատում»։
- Ապրանքի ճկունություն
- Մեռած իրերի դիզայնի օրենքը
- Կենդանի ու մեռած բնության ճկունությունը
Տվյալ նպատակի իրականացմանն ուղեկցող խնդիրները հոգեբանների մոտ համապատասխանաբար հետևյալն են՝
- Ինչպես գնորդին ավելի վճարունակ դարձնել
- Ինչպես մարդուն թույլ չտալ մտովի ու ֆիզիկապես շեղվել ուրիշ ինչ-որ բանի վրա, իր առջև այլ նպատակներ դնել, բացի կապիտալիստի միջին շահույթն ավելացնելուց։
Հոգեբան-շուկայագետների մոտ ապրանքի վերաբերյալ կա մի հետաքրքիր եզրույթ՝ ապրանքի ճկունություն։ Ի՞նչ է դա։
Գոյություն ունեն գնորդներ, որոնք իրենց պահանջմունքների վերաբերյալ հստակ պատկերացումներ չունեն։ Նրանք միայն մեկ պահանջմունք ունեն՝ գնել, փող ծախսել։
Պարզ ասած՝ այդ մարդիկ չգիտեն, թե ինչ են ուզում։ Երբ նրանք գալիս են փող ծախսելու, նրանց օգնելու համար վաճառվում են, այսպես կոչված, «ճկուն ապրանքներ»։ Դրանք շատ բան կարող են անել, բայց այդ շատ բանն անում են ոչ այնքան արդյունավետ կերպով։
Այդպիսի ճկուն ապրանքի լավագույն օրինակը սմարթֆոնն է։ Դրա շնորհիվ մենք բոլորս դարձել ենք մելոմաններ, գրողներ և, իհարկե, լուսանկարիչներ։
Մեռած իրերի դիզայնի օրենքը։
Դիզայնի կարևորագույն օրենքներից մեկն ասում է՝ «Որքան իրը շատ ֆունկցիաներ ունի, այնքան քիչ է դրա նոր ֆունկցիաների էֆեկտիվությունը»։
Իր ֆունկցիոնալությամբ կատարյալ ապրանքը մարքետոլոգների մոտ կոչվում է մասնագիտացված ապրանք։ Այն կատարում է իր միայն մեկ ֆունկցիան, բայց շատ լավ է կատարում։ Իսկ եթե դրանք երկուսն են, ուրեմն դրանցից ինչ-որ մեկն ավելի վատ կաշխատի։
Ճկունությունը կենդանի ու մեռած բնության մեջ։
Ամենահետաքրքիրն այն է, որ ապրանքի ճկունության օրենքը բացարձակապես չի աշխատում կենդանի բնության մեջ, ուր խոսքը գնում է մարդկանց, կենդանիների, բույսերի մասին։ Մենք՝ կենդանի արարածներս, կարող ենք ամեն ինչ, և ամեն ինչ կարող ենք լավ։
Դիզայնի այս օրենքն աշխատում է, երբ խոսք է գնում՝
- ինչ-որ ձեռակերտ բանի մասին
- մեխանիզմների մասին
- ինչ-որ արտադրանքի մասին
Կամ… մարդկանց ու կենդանիների մասին, ովքեր օգտագործվում են՝ որպես մեկ ֆունկցիա կատարելու համար մշակված մի բան։
Մեր խնդիրն այն է, որ մենք ամեն ինչ շփոթում ենք։ Դրա համար պետք է հիշել պարզ կանոններ՝
- Ամեն անգամ, երբ քեզ պետք է ինչ-որ գործիք օգտագործել, ընտրիր այն մեկը, որը միայն մեկ ֆունկցիա ունի։ Եվ դա արա միայն այն ժամանակ, երբ դա քեզ իսկապես անհրաժեշտ է։
Մի գնիր մուլտիֆունկցիոնալ ապրանք-խաղալիքներ, որոնք կարողանում են ամեն ինչ, բայց այդ ամեն ինչը շատ վատ են անում։
Դրանով դու նախ գումար կտնտեսես, հետո էլ կկրճատես արդյունաբերության բացասական ազդեցությունը բնության վրա։
- Նախքան ինչ-որ բան գնելը սահմանիր քո օրախնդիր պահանջմունքները, դրանց մասին հստակ պատկերացում ունեցիր։ Միայն այդ ժամանակ խանութ գնա։
- Գրասենյակից դուրս մարդուն մի մոտեցիր՝ որպես «քո խնդիրները լուծող գործիքի»։
Սա թույլատրելի է միայն հայտնի իմաստով, մասնագիտական միջավայրում, ժամային որոշակի սահմանափակման (9.00-18.00) դեպքում։ Այստեղ դու իրավունք ունես պահանջել աշխատանքի որակ ու մարդուն տեսնել՝ որպես «քո խնդիրները լուծող գործիքի»։
Այս ոլորտում նույնպես աշխատում է դիզայնի «մասնագիտացված ապրանքը լավագույն ապրանքն է» օրենքը։
Նույն կերպ ենք մենք մոտենում ամուսնությանը։ Մենք մտածում ենք, որ ամուսինը/կինը գործիք է, որը պետք է լուծի մեր խնդիրները՝ ժամանցային, կրթական, տնտեսական-կենցաղային, ֆինանսական, ներկայացուցչական, ռելաքսացիոն, վերարտադրողական, և այլն։
Բայց հենց որ մենք մարդուն սկսում ենք վերաբերվել՝ որպես իրի, մեզ անմիջապես ապտակում է մեռած իրերի դիզայնի կանոնը՝ շատ ֆունկցիաներ, ու բոլորը վատ են աշխատում։
Մարդուն պետք է վերաբերվել՝ որպես մարդու, այլ ոչ թե՝ որպես իրի։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը