Մահապատիժը չեղարկելու շուրջ ծավալված վեճերը չեն դադարում։ Շատերին պատժի այս բարձրագույն չափը անմարդկային է թվում, սակայն քչերն են հիշում զոհի բարեկամների զգացմունքների մասին։ Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է Հայաստանում երկու տղաների սպանության վերաբերյալ խորհրդային տարիներին մեծ աղմուկ բարձրացրած գործի մասին։
Դատավորը զանգահարեց ինձ աղմկահարույց դատական գործընթացի նախօրեին։
– Նիստը որոշված է անցկացնել Սովետաշենի գաղութում, – հայտնեց նա։
– Ինչո՞ւ, – զարմացա ես։
– Վախենում են` ինքնադատաստան կազմակերպեն, բանտի պատերի մեջ ավելի ապահով է, – պատասխանեց դատավորը։
Առավոտյան, երբ պետք է սկսվեր դատավարությունը, ես բանտ գնացի։ Հարյուրավոր բորբոքված մարդիկ բանտի մոտ էին արդեն, իսկ նրանց առջև` խիտ ոստիկանական արգելապատնեշ էր։ Դարպասներից ներս ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցներն ավելի շատ էին։ Ինչո՞ւ։ Ի՞նչ է պատահել։
Իսկ պատահել էր այն, ինչը երբեք Հայաստանում մինչ այդ չէր եղել, այն, ինչ ոչ ոք պատկերացնել հնարավոր չէր. երկու եղբայրների էին առևանգել (այն ժամանակ մենք «քիդնեփինգ» բառը դեռ չգիտեինք), փակի տակ պահել, այնուհետև սպանել։ Ինչպես պարզվեց` առևանգել էին փրկագին պահանջելու նպատակով։
Տղաների հայրը, այն ժամանակների չափանիշներով հարուստ մարդ էր համարվում, ապրում էր Մոսկվայում։ Հարևանների կողմից հարգված ընտանիք էին, մեծացնում էին որդիներին, որոնք շատ էին սիրում ծնողներին։ Եվ հանկարծ, մի դժբախտ օր, երեխաները սովորականի պես դուրս են գալիս խաղալու և անհետանում։ Օրը ցերեկով, բակից, որտեղ ամեն ինչ տեսանելի է։
Չկարողանալով գտնել որդիներին` անհանգստացած ծնողները շտապում են ոստիկանություն։ Այնտեղ նրանց հանգստացնում են, խորհուրդ տալիս սպասել մինչև երեկո։ Երեխաները չեն վերադառնում ո՛չ երեկոյան, ո՛չ գիշերը, ո՛չ էլ նույնիսկ հաջորդ օրը. այդ ժամանակ միայն հետախուզում է հայտարարվում։ Մի քանի վարկած էր դիտարկվում, սակայն ոչ մեկը առևանգման հետ կապ չուներ։ Մինչև հանկարծակի զանգահարեցին փրկագին պահանջելու համար։
70-ականների կեսերին հայկական ԽՍՀ ներքին գործերի նախարար, գեներալ Պատալովը հանցագործներին գտնելու համար ուղղեց իր լավագույն հետախույզներին, և նրանք մի մարդու նման, սխալ հետքով գնացին։ Կասկածն ընկավ «գաստրոլյորների» վրա։ Մոտիվացիան` «նման հանցանքի հայը երբեք չի դիմի, նշանակում է, յուրային չեն, այլ դրսից»։ Պարզվեց`հայերն էլ են տարբեր լինում։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am