Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից.
«Անիի Բագրատունյաց վերջին արքա Գագիկ Բ-ի թիկնապահ, Կիլիկյան իշխանության հիմնադիր Ռուբեն Ա-ի (1080-1095) եւ նրա որդու ու հաջորդի՝ Կոստանդին Ա-ի (1095-1100) գերեզմանները գտնվել են Կոստանդինի հիմնած Կաստալոնի վանքում:
Կոստանդին Ա-ի որդու՝ Թորոս Ա-ի (1100-1129) աճյունն ամփոփվել է Դրազարկի վանքում, որն այնուհետեւ դարձել է Ռուբինյանների տոհմական դամբարանը:
Թորոս Ա-ի եղբայրը եւ հաջորդը՝ Լեւոն Ա-ն (1129-1137), մահացել է Կ. Պոլսում՝ գերության մեջ: Լեւոն Ա-ի որդին՝ Թորոս Բ-ն (1145-1169), թաղվել է Դրազարկում: Այստեղ է ամփոփվել նաեւ Թորոս Բ-ի անչափահաս որդու՝ Ռուբեն Բ-ի (1169) աճյունը:
Եթե հավատանք Միքայել Ասորուն, Թորոսի եղբորը՝ Մլեհին (1169-1175), դավադրաբար սպանելուց հետո պատվով չթաղեցին եւ մարմինը շներին նետեցին: Կան տեղեկություններ, որ Մլեհը թաղվել է Անարզաբայի մոտակայքում գտնվող Մեծքարի վանքում:
Կիլիկյան Հայաստանի նշանավոր վանքերից էր Մսիս (Մամեստիա) քաղաքի մերձակայքում գտնվող Արքայակաղնու վանքը, որը եղել է եպիսկոպոսանիստ, ունեցել հազվագյուտ ու ճոխ ձեռագրերով մատենադարան, դպրանոց, գրչատուն։ Հայկական երաժշտության ու գրչության այս հայտնի կենտրոնում է սովորել անվանի հայ աստվածաբան, մատենագիր եւ առակագիր Վարդան Այգեկցին։ Արքայակաղնի վանքում են ամփոփվել Լևոն Բ Մեծագործի հոր՝ Ստեփանեի աճյունը, ում հույները դավադրաբար ձերբակալել եւ ողջ-ողջ եփել էին մեծ կաթսայի մեջ։
Ստեփանեի երկու որդիները՝ Ռուբեն Գ-ն (1175-1187) ու Լեւոն Բ-ն (1187-1219), հանդիսացան Կիլիկյան իշխանության վերջին ներկայացուցիչները: 1198-ի հունվարի 6-ին, Տարսոնի Սուրբ Սոֆիա տաճարում, Լեւոնը օծվեց Հայոց թագավոր… Ռուբեն Գ-ն թաղված է Դրազարկի վանքում: Լեւոն Մեծագործի կտակի համաձայն նրա մարմինն ամփոփել են Սսում, իսկ սիրտը Վահկա բերդից հյուսիս՝ Բարձրբերդ բերդաքաղաքի մերձակայքում գտնվող Ակների վանքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝ Տեսարան ՍԻՍ քաղաքից
Ձախ կողմի քարաշեն մեծ կառույցը՝ Ս. Սոֆիա տաճարն է։ Աջ մասում երեւում են թագավորական պալատի անկյունային երկու աշտարակները»: