Սիրո մասին շատ է գրվել և ասվել, սակայն այդ թեման երբեք չի կորցնում իր արդիականությունը՝ և՛ բանաստեղծները, և՛ գիտնականները մինչ օրս փորձում են հասկանալ, թի ինչ զգացմունք է դա և ինչպես է ծագում։
Այսօր Սուրբ Վալենտինի օրը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սիրո մասին մի քանի հետաքրքիր գիտական փաստեր։
1․ Ամեն ինչում հորմոններն են մեղավոր
Սիրահարված մարդու օրգանիզմում արտադրվում է մեծ քանակությամբ դոֆամին՝ հաճույքի հորմոն։ Նույն այդ հորմոնը արտադրվում է այն մարդկանց մոտ, ովքեր կախվածություն ունեն թմրանյութերից, խաղերից և այլ բաներից։
«Փորում թիթեռների» զգացողությունը, որ հայտնվում է շատ սիրահարվածների մոտ, նորադրենալին՝ սթրեսի հորմոնի գործողության արդյունք է։
Իսկ ահա օկսիտոցին հորմոնը պատասխանատու է հարաբերություններում քնքշության և միմյանց հետ կապվածության զգացողության համար։ Համարվում է․ որ դրա արտադրությունն ուժեղանում է օրգազմից հետո։
2․ Սեռական հակումների համար գեներն են պատասխանատու
Երկու մարդկանց սեռական հակումի համար պատասխանատու է հիստոհամատեղության կոմպլեքսը՝ մենք զուգընկերոջը գնահատում և ընտրում ենք ոչ թե արտաքինի և նույնիսկ ոչ ունեցվածքի, այլ ինչ-որ անտեսանելի և մեր ԴՆԹ-ի խորքերում թաքնված բանի համար։
Իսկ արտադրվո՞ւմ են արդյոք մարդկանց մոտ ֆերոմոններ, որոնք իբր պատասխանատու են հակումների համար, առայժմ ոչ ոք ասել չի կարող։
3․ Սերը փոխում է օրգանիզմի աշխատանքը
Սիրահարված տղամարդկանց գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևի հատվածը, որ պատասխանատու է տեսողության համար, ակտիվանում է։ Ստացվում է, որ արտահայտությունը, թե «տղամարդն աչքերով է սիրում», գիտական հիմքեր ունի։
Իսկ սիրահարված կանանց մոտ առավել ակտիվ է աշխատում ուղեղի այն հատվածը, որը կապված է հիշողության հետ, ինչի շնորհիվ կանայք ավելի լավ են հիշում հարաբերությունների հետ կապված իրադարձություններն ու ամսաթվերը։
4․ Սերը լավագույն ցավազրկողն է
Օկսիտոցին հորմոնը, որ արտադրվում է սիրահարվածների մոտ, իրականում աշխատում է որպես բավական արդյունավետ ցավազրկող։ Այդ հորմոնը արտադրվում է ոչ միայն զուգընկերոջ կողքին գտնվելիս, այլև նրա լուսանկարին նայելիս։ Ոչ փոքրաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ այդ հորմոնը, ինչպես և սիրահարների գրկախառնությունները, որոնց ժամանակ այն արտադրվում է, օգնում են հաղթահարել ցավը։
5․ Մարդը կարող է սիրահարվել ընդամենը չորս րոպեում
Ընդամենը չորս րոպեում մարդը կարող է սիրահարվել։ Սիրահարվել նրան կարող են ստիպել մարմնի ազդանշանները, ձայնի տեմբրն ու տեմպը։
Հոգեբան Արթուր Արոնը նաև վստահեցնում է, որ սիրահարվելու համար բավարար է 36 հարցն ու աչքերի մեջ 4 րոպե նայելը։ Նա նույնիսկ ոչ մեծ փորձ է կատարել, որպեսզի ապացուցի դա, և արդյունքում նախկինում միմյանց հետ անծանոթ մարդկանց մեծ մասի մոտ մտերիմ հարաբերություններ են ձևավորվել, իսկ երկու զույգեր ամուսնացել են։