«Այլընտրանքային» պահպանակները չեն կարող պաշտպանություն ապահովել վարակներից. մասնագետներ
Advertisement 1000 x 90

«Այլընտրանքային» պահպանակները չեն կարող պաշտպանություն ապահովել վարակներից. մասնագետներ

Այսօր շուկայում կարելի է գտնել բազմաթիվ «այլընտրանքային» պահպանակներ ոչ թե լատեքսից, այլ ուրիշ նյութերից։ Արտադրողները հավաստիացնում են, որ իրենց արտադրանքն ավելի հարմար է, պակաս ալերգիկ և քիչ է ազդում տակտիլ զգացողությունների վրա։ Սակայն մասնագետները նախազգուշացնում են. «այլընտրանքային» պահպանակները չեն պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից։

Այսօր շատ տարածված են այսպես կոչված «գառան կաշվից» պատրաստված պահպանակները (իրականում դրանք պատրաստվում են գառան աղիքից)։ Նման պահպանակներն իսկապես ավելի լավ են փոխանցում մարմնի ջերմությունն ու չեն նվազեցնում զգայականությունը սեռական շփման ժամանակ, ինչպես լատեքսային պահպանակները։ Ալերգիկ ռեակցիայի վտանգը նույնպես ավելի ցածր է, քան լատեքսային պահպանակներինը։

Սակայն այդ պահպանակներում կան ծակոտիներ, որոնք անցանելի են սեռավարակների հարուցիչների, այդ թվում և ՄԻԱՎ-ի համար։ Ուստի, նման հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար այդ պահպանակները հարմար չեն. դրանք կարելի է օգտագործել միայն հուսալի և մշտական զուգընկերոջ հետ՝ անցանկալի հղիությունը կանխելու համար։

Իսկ վարակներից պաշտպանել կարող է միայն հին ու բարի լատեքսե պահպանակը կամ պոլիուրետանի ու պոլիիզոպրենի պահպանակները, որոնք, ինչպես կարծում են մասնագետները, ունեն լատեքսի բոլոր առավելությունները, բայց ավելի թանկ արժեն։

Մասնագետները խորհուրդ են տալիս պահպանակ գնել դեղատներում, քանի որ դրանք, ամենայն հավանականությամբ, այնտեղ պահպանվում են ճիշտ պայմաններում։ Արևի ճառագայթների ուղիղ ազդեցությունը, օրինակ, անթույլատրելի է. պահպանակի արդյունավետությունը կարող է նվազել, իսկ պահպանակն ինքը կարող է պատռվել, եթե երկար է մնացել արևի տակ։

med.news.am