Մշակույթի նախարարության ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը ժամանակին ստորագրվել է Հաջի Նազենի Ղարիբյան։ Մենք մի քանի հրապարակումներ գտանք, որտեղ Նազենի Ղարիբյանը ստորագրել է որպես Հաջի Նազենի Ղարիբյան։
Հենց Նազենի Ղարիբյանից փորձեցինք ճշտել, թե ինչու է հիմա ստորագրվում առանց Հաջի։
Նշենք, որ ըստ բառարանների՝ Հաջին մահմեդականի պատվավոր տիտղոս է, որն տրվում է Մեքքա ուխտագնացություն կատարողին։ ArmDaily.am-ի հետ զրույցում Նազենի Ղարիբյանը պարզաբանեց, թե ինչու է ժամանակին ստորագրվել Հաջի եւ այժմ հրաժարվել այդ տիտղոսից։ «Հաջին հին սեմական ծագում ունեցող հաջ բառն է, որ նաև Աստվածաշնչում կա և նշանակում է ուխտագնաց, իսկ աստվածաշնչում դա առավել ևս նշանակում է Երուսաղեմ գնացող ուխտագնաց և այդպես մնացել է նաև արաբական լեզուներում և սեմական և անցել է նաև թուրքերին, այսինքն բոլորը էդ հաջին օգտագործում են և մնացել է նաև հայերենում։
Իմ երկրորդ դոկտորական դիսերտացիան կեսով նվիրված էր հենց Երուսաղեմին, երուսաղեմյան իրադարձություններին և եկեղեցու ստեղծմանը, Հարության տաճարի ստեղծմանը։ Ընդհուպ մինչև ես էնտեղ հայտնագործություններ եմ արել, երբ որ գիրքը պիտի հրապարակվեր, ես 2 շաբաթով գնացել էի Երուսաղեմ և աշխատել եմ հենց էդ Հարության տաճարի ներսում, բայց ես մնում էի մեր հայկական վանքում և գնում էի էդ երթերին, նույնիսկ գիշերվա արարողակարգին և քանի որ ես այսպես ասած այցելել եմ տիրոջ գերեզմանը և իմ խաչը նաև էնտեղ օրհնել է Հայր Սամվելը հենց տիրոջ գերեզմանի արարողության վրա, ես մտածեցի, որ էդ նվիրական զգացումը իմ մեջ կա և որոշեցի, որ ես կարող եմ գրել Հաջի Նազենի Ղարիբյան, որովհետև ես իրոք գնացել եմ ուխտագնացության»։
Հարցին՝ ինչո՞ւ հիմա չեք ստորագրում Հաջի Նազենի Ղարիբյան՝ նա պատասխանեց․ «Հիմա չեմ գրում»։ Մեր դիտարկմանը, որ բառարաններում գրված է, որ հաջին մահմեդականներին տրվող տիտղոս է, այդպիսին կոչվում են Մեքքա գնացած անձինք, Ղարիբյանը պատասխանեց․ «Չէ, սխալ է գրված սիրելիս, դա հին սեմական բառ է, որ հրեաներն էլ են օգտագործում մինչև էսօր և Աստվածաշնչում էլ կա եբրաերեն տարբերակում, իսկ բառը թարգմանաբար նշանակում է ուխտագնաց»։