Քունը կարևոր նշանակություն ունի մարդու և կենդանիների ուղեղի համար։ Համաձայն վերջին հետազոտությունների՝ քնի ժամանակ ուղեղի բջիջները «նորոգում» են իրենց սեփական ԴՆԹ-ն։ Ինչպես նշել է Լիոր Ապելբաումը (Lior Appelbaum) Ռամաթ Գանի Բար Իլան համալսարանից (Իսրայել), այդ պրոցեսը նման է ավտոճանապարհների նորոգմանը. փոսերն ու ճաքերն ավելի արդյունավետ է նորոգել գիշերը, հանգիստ իրադրությունում։
Իսրայելցի մոլեկուլյար կենսաբանները ուշադրություն են դարձրել, որ նեյրոնների երկարատև և բարձր ակտիվությունը հանգեցնում է դրանց ԴՆԹ-ում լուրջ վնասվածքների կուտակման։ Փորձարկման շրջանակում գիտնականները փոխել են զեբր ձկների գենոմը, որպեսզի նրանց քրոմոսոմների վերջնամասերը սկսեն լույս արձակել։ Բացի այդ, ԴՆԹ համանման հատվածներ են ներկառուցվել գենոմների մեկ այլ խմբում, ինչը թույլ է տվել նեյրոններին լույս արձակել իրենց ակտիվացմանը զուգընթաց։
Այս միջամտությունները գիտնականներին թույլ են տվել հետևել նյարդային բջիջների աշխատանքի փոփոխություններին քնի և արթուն ժամանակ։
Պարզվել է, որ արթուն ժամանակ նեյրոնների քրոմոսոմները համեմատաբար հանգիստ վիճակում են, իսկ ահա քնի ժամանակ դրանք միշտ փոխում են իրենց տարածական դասավորությունը։ Այս համատեքստում նկատելիորեն նվազում է նեյրոնների՝ միմյանց հետ կապված խմբերի էլեկտրական ակտիվության մակարդակը, իսկ գենոմի մեջ խզումների վերականգնմանը մասնակցող մոլեկուլների թիվն ավելանում է։
Միևնույն ժամանակ, քրոմոսոմների տեղափոխման արհեստական արգելակումը կտրուկ դանդաղեցնում էր ԴՆԹ «նորոգումը», ինչի արդյունքում վնասվածքների թիվը գենոմում գիշերը սկսում էր աճել։
Այսպիսով, քունը և նրա հետ կապված պրոցեսները նեյրոնների ներսում կարևոր նշանակություն ունեն գոյատևելու և աշխատունակությունը պահելու տեսակետից։