Մինսկի խմբի վերջին հայտարարության իմաստը հասկանալու համար կարևոր է մեկ անգամ ևս այդ ֆորմատի տրամաբանությունը ֆիքսել։
Ֆիքսենք մի քանի սկզբունքներ
– Արցախի խնդիրն աշխարքաղաքական կոնֆլիկտ է։
– Մինսկի խումբն Արցախի հարցով աշխարքաղաքական ակումբ է: Հայաստանին և Ադրբեջանին “լուծման” առաջարկություններ անելուց առաջ, նրանք նախ միմյանց հետ են այդ առաջարկությունները համաձայնեցնում՝ ըստ իրենց աշխարքաղաքական շահերի։ Կարճ ասած, միմյանց հանդեպ վերահսկողություն են իրականացնում, որ որևէ մեկն իր վրա վերմակը չքաշի։
– Ադրբեջանն իր ուժեղ կողմն է համարում Թուրքիայի աջակցությունը, այնինչ դա իրականում իրենց թույլ կողմն է։ Որ աշխարքաղաքական բևեռը Թուրքիայի հետ խնդիր է ունենում, կամ ցանկանում է Թուրքիային դաս տալ, դա անում է նաև Ադրբեջանի միջոցով։
Հայաստանի վարչապետի ճոխ ընդունելությունն Իրանում նաև պայմանավորված էր Սիրիայում թուրքերի ու իրանցիների միջև առկա հակասություններով։ Բնականաբար, կա նաև Իրանի ադրբեջանցիների խնդիրը, բայց դա մշտական գործոն է։
– Եթե Ադրբեջանի “թուրքական քաղաքարտը” չլիներ, չի բացառվում, որ Ռուսաստանի, ԱՄՆ,Եվրոպայի դիրքորոշումները լինեին ի նպաստ Ադրբեջանի։
– Ռուսաստանի պահով կա նաև ԵԱՏՄ-ում թյուրքական պետությունների գործոնը, որոնք առանձին՝ թյուրքական երկրների համադաշնության տեսքով Թուրքիայի հետ առանձին, ինքնուրույն քաղաքական ֆորմատով են հարաբերվում, ինչը Ռուսաստանին մտահոգում է՝ սա նույնպես Ադրբեջանի ոչ թե ուժեղ, այլ թույլ գործոններից է։
– Ադբեջանի հիմնական խնդիրը ոչ թե Արցախն է, այլ Թուրքիայի հետ ցամաքային սահման ունենալն է, սա նույնպես կարևոր է նկատի ունենալ, հասկանալու համար, թե որն է Ադրբեջանի ստրատեգիական նպատակը Արցախի բանակցությունների ժամանակ։
Սրանք մշտական գործոններնեն, մնացածն ըստ իրավիճակի պետք է դիտարկվի։Stepan Danielyan