Բաթումի պետական ծովային ակադեմիայի ուսանողուհի Լուսինե Թամարյանն այն կարծիքին է, որ հրամանատարներ չեն դառնում, այլ ծնվում են: Աղջիկը 21 տարեկան է և երկու բանի մասին է երազում՝ դառնալ նավի հրամանատար, ինչը թույլ կտա շրջել աշխարհում, ու նաև այցելել պատմական հայրենիք՝ Հայաստան:
Լուսինեն Բաթումում ծնված հայերի երկրորդ սերնդի ներկայացուցիչն է: Նրա նախնիները Մուշից հրաշքով փրկվել են Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժամանակ: Հայրը ծնվել է արդեն Վրաստանում, Լուսինեն՝ նույնպես: Երեք տարի առաջ աղջիկը կատարել է կյանքի կարևորագույն ընտրությունը՝ ընդունվել է Բաթումի պետական ծովային ակադեմիայի ծովագնացության ինժեներային ֆակուլտետ: Այսօր նա սովորում է երրորդ կուրսում և պատրաստվում է մեկնել հեռավոր նավարկության՝ պրակտիկայի:
«Ծովը միշտ էլ գրավել է ինձ: Մանկությունից ինձ դուր էր գալիս երկար նայել ալիքներին, և ես պատկերացնում էի, որ երբևիցե ծով դուրս կգամ»,- ասել է Թամարյանը «Sputnik Արմենիա»-ի թղթակցի հետ զրուցելիս: Աղջկան երբեք չեն գրավել կանանց մասնագիտությունները, բայց նավաստի դառնալու որոշումը նա ընդունել է ամենավերջին պահին: Քննությունները հանձնելուց առաջ Լուսինեն մտածեց, որ դա իր համար իդեալական տարբերակ կլինի՝ հաշվի առնելով ծովի նկատմամբ տածած սերը: «Մասնագիտությունն ինձ թույլ կտա աշխատել, ճամփորդել»,- ասում է Լուսինեն: Ի դեպ, ընտանիքն ըմբռնումով վերաբերվեց նրա ընտրությանը և չսկսեց տարհամոզել աղջկան. համակերպվեցին նույնիսկ նրանք, ում դուր չեկավ նրա ընտրությունը: Լուսինեի կուրսում կա գրեթե 160 մարդ, նրա խմբում 25 տղաներ են և ինքը՝ միակ աղջիկը:
«Տղաները ցնցված էին, երբ իմացան, որ ես սովորելու եմ իրենց հետ: Այժմ նրանք հպարտանում են, հարգում են իմ ընտրությունն ու ձգտումը»,- ասել է Լուսինեն: Այսօր Լուսինեն պատրաստվում է մեկնել հեռավոր նավարկության՝ պրակտիկայի: Իր մասնագիտությունը համարում է սովորական, պարզապես մարդիկ այն անսովոր են ընկալում: «Ծովում նույնն է, ինչ և ամպերում: Մենք, ինչպես և օդաչուները, պետք է անցնենք բուժզննում, լինենք հոգեբանորեն կայուն, առավելագույնս կենտրոնացած»,- ասում է Լուսինեն: Նրա խոսքով՝ լավ նավաստի դառնալու համար անհրաժեշտ են գիտելիքներ ու ճարպկություն: Թամարյանի համար ամենադժվարն առաջին անգամ բաց ծով երկար նավարկության մեկնելն է: Բայց աղջիկը չի վհատվում. Լուսինեն իր առջև նպատակ է դրել՝ դառնալ նավի հրամանատար և պատրաստ է երազանքի կատարմանն սպասել 10-15 տարի: Նրան չեն վախեցնում ո՛չ փոթորիկը, ո՛չ ալիքները: Երիտասարդ հայուհին խորհուրդ է տալիս բոլոր նրանց, ովքեր երազում են ծով դուրս գալ՝ դադարել երազել, նպատակ դնել իրենց առջև և հասնել դրան: Ապագայում Լուսինեն անպայմանորեն կայցելի պատմական հայրենիք՝ Հայաստան՝ ծանոթանալու իր արմատներին: