Տարիներ առաջ մի ամերիկահայի հետ զրուցելիս ասացի, որ ազգայնական եմ։ Վատացավ, վախեցավ, ասաց․ «Տղա ջան, բարձր մի ասա, կլսեն, գիտե՞ս ինչ վատ բան է»։
Ազգայնականներին փնովելը Հայաստանում էլ է ընթացել ծանոթ սխեմայով․ ոչ ոք կոնկրետ չէր կարողանում բացատրել, թե ազգայնականության ինչն է վատ, բայց անընդհատ «լցնում» էին․․․ Այո, ազգայնական հոսանքներ / խմբեր կան շատ ծայրահեղ դիրքորոշումներով, բայց իրենց լիբերալ անվանողների մեջն էլ քիչ չեն ծայրահեղականները, որոնք լիբերալ գաղափարներից կիլոմետրերով հեռու են։
Մի խոսքով, ինչպես նշեցի՝ ծանոթ, ֆինանսապես անընդհատ սնուցվող քարոզչական գիծն էր սա․ որտեղ «ազգ», «ազգային» բառեր էին տեսնում, հարձակում էր սկսվում։
Մի կարևոր մանրամասն էլ․ թեպետ ազգայնականների հրեշացումը այսպես կոչված «քաղհասարակության» ջանքերով մեծ մասշտաբների է հասնում, իրականում այսօրվա հայ ազգայնականները չունեն որևէ կուռ գաղափարախոսություն, ազդեցիկ կառույցներ, միավորումներ․․․
* * *
Հիմա մյուս կողմից գանք․․․ Ցավոք դաշտում ամենից աղմկոտը և երևացողը ժամանակակից գիտությունը ժխտող, ազգը՝ ազգագրական խմբակի վերածել ցանկացող, դավադրապաշտական միֆերում տապակվող ինչ-որ կերպարներ են, որոնք իդեալական գործիք են ազգայնականությունը վարկաբեկելու համար։
Ազգայնականների այդ «թևը» ամեն ինչ տանում է իռացիոնալի, հույզերի, միֆերի հարթություն:
Եւ այստեղ հարց է առաջանում․ ինչո՞ւ չունենք ռացիոնալ ազգայնականություն։
Թողելով, որ ամբողջ դաշտը մեջ-մեջ անեն (պայմանականորեն ասած) «սորոսածին կոսմոպոլիտները» և (պայմանականորեն ասած) «հիքսոսները», մենք ոչ միայն զարգանալու շանսից ենք մեզ զրկում, այլ ընդհանրապես մեր գոյությունն ենք հարցականի տակ դնում։
Թուրքական գործվածքից կարած «ազգային տարազներով», պատմության և իրականության հերն անիծող ու, պայմանականորեն ասած, քաղցկեղը չղջիկի չիշիկով բուժելու կոչեր անող զանգվածը նույնչափ վտանգավոր է մեր ապագայի համար, ինչ և կրթության ոլորտը հիմա վարի տվող կոսմոպոլիտ, բայց ոչ պակաս տգետ «քաղհասարակությունը»։
* * *
Հայաստանը զարգացած, հզոր, միջազգային ասպարեզում իր կամքը թելադրող և ազգային շահերը հաջողությամբ առաջ տանող երկիր տեսնելու համար մեզ այսօր պետք է ռացիոնալ ազգայնականություն։
Նախ՝ գիտությամբ լուրջ զբաղվող (ոչ թե թխած մագիստրական թեզերով ու ատենախոսություններով գիտական կոչումներ ստացող), առնվազն՝ անընդհատ ինքնակրթվող, աշխարհի և տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, սոցիալական անցուդարձը խորապես հասկացող երիտասարդներ են պետք։
Երկրորդը՝ գիտելիք ստեղծել, զարգացնել և օգտագործել կարողացող ձեռներեցներ։ Որովհետև ցանկացած երկրի վերելք, զարգացում սկսվում է ազգային բիզնեսից, իսկ այսօր այդ վերելքն առանց գիտելիքի ստեղծման և կիրառման անհնարին է։
Երրորդը՝ հայաստանակենտրոն մտավորականություն (բայց ոչ իր գավառականության մեջ ինքնամեկուսացվող)։
* * *
Ինձ կհարցնեն ազատական ընկերներս․ բա՞ անհատը, բա՞ անհատի իրավունքները։ Իմ կարծիքով անհատի իրավունքների, ազատությունների գլխավոր երաշխավորը հենց ազգային պետությունն է։ Եւ մենք՝ որպես անհատներ, պիտի առաջինը շահագրգռված լինենք, որ ունենաք ուժեղ պետություն, որը կկարողանա պաշտպանել մեր իրավունքները ոչ միայն երկրի ներսում, այլև երկրից դուրս։
* * *
Իրեն ռացիոնալ ազգայնական համարող ցանկացած հայի առաջին քայլը՝ սովորել, սովորել, սովորել (© համարյա Լենին)
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից: