Փաշինյանին նստեցնելու են, ասեն՝ «Տղա ջան, սրանք են պահանջները. ուզո՞ւմ ես ողջ դուրս գալ իրավիճակից, այս քայլերը ձեռնարկիր». Արթուր Դանիելյան
Advertisement 1000 x 90

Փաշինյանին նստեցնելու են, ասեն՝ «Տղա ջան, սրանք են պահանջները. ուզո՞ւմ ես ողջ դուրս գալ իրավիճակից, այս քայլերը ձեռնարկիր». Արթուր Դանիելյան

«Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը խնդրել է IMF-ին Հայաստանի համար վարկային գիծ բացել: Վարկային գիծն այն գործիքն է, որը միտված է օգնել պետություններին ճգնաժամի պահին, երբ շտապ փող է պետք լինում».-իր ֆեյսբուքյան էջում գրել է հրապարակախոս Արթուր Դանիելյանը:

Politik.am-ը Արթուր Դանիելյանից հետաքրքրվել է, թե ինչ վտանգ գա վարկային գիծ բացելու մեջ և ինչ ճգնաժամի մասին է խոսքը:

«Բուն վարկային գիծը վտանգավոր չէ, վտանգն այն է, թե որն է հանդիսացել վարկային գիծ բացելու պատճառը: Ինչ վերաբերում է ճգնաժամին՝ այն ճգնաժամը, որի մեջ մեր պետությունն է հիմա, շատ ավելի խորն է, քան պարզապես տնտեսական ճգնաժամը: Սա պետականության խորքային ճգնաժամ է: Եվ, փաստացի, մեր պետությունը կապիտուլյացիայի է ենթարկվել արտաքին ուժերի ճնշման տակ: Այնտեղ խնդիրները զուտ տնտեսական չեն, ավելի շուտ անվտանգության, պետականության ոլորտում են».-ասում է Դանիելյանը:

Հարցին, թե ինչ է պետք անել, Դանիելյանը պատասխանում է.«Ես այս պահին դուրս գալը դժվար եմ պատկերացնում, քանի որ մեր երկրում կիրառվում է կառավարվող քաոսի ռազմավարությունը, իսկ դրա  դեպքում շատ դժվար է որևէ բան պլանավորել: Այսինքն՝ նույնիսկ մեկ շաբաթ առաջ մենք չենք կարող ինչ-որ բան պլանավորել, հասկանալ՝ ոնց դուրս գալ, որովհետև կառավարվող քաոսը շատ լավ գործածվում է մեզ մոտ: Ես բազմիցս կոչ եմ արել և շարունակում եմ կրկնել՝ պետք է զբաղվել ֆիզիկական առողջությամբ և հնարավորինս շատ խնայողություններ անել, թույլ չտալ ճոխություններ և պատրաստվել շատ ծանր ժամանակների: Պետք է պատրաստ լինել ամենավատին»:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք մինչև ապրիլյան իշխանափոխությունը չկային ճգնաժամի նախադրյալներ, հրապարակախոսը հետևյալ պատասխանն է տալիս.

«Նախադրյալներ կային դեռևս 1988 թվականից: Մեր պետականության տակ շատ լուրջ «արկեր» կային, և այդ «արկերը» շատ լուրջ նախադրյալներ էին: Արտաքին ուժերը անընդհատ «ականապատում» էին Հայաստանի շուրջ տարածքը, նոր ղեկավարները իրենց հնարավորությունների սահմաններում փորձում էին «ականազերծել» այդ տարածքը: Ինչ-որ մեկը ավելի լավ էր անում դա, ինչ-որ մեկը ավելի վատ էր անում, բայց վերջին 30 տարվա ընթացքում ղեկավարները տատանվող հաջողությամբ  կարողանում էին ինչ-որ արահետներ ականազերծել և դուրս գալ փակուղուց: Միջազգային հանրությունը դա հասկացավ և արեց այնպես, որ Հայաստանում իշխանության գա մի մարդ, ով ունակ չէ «ականազերծել» որևէ բան: Ամենաապիկար ղեկավարությունը բերեցին իշխանության, որի հետ բանակցելը ավելի հեշտ կլինի: Այսինքն՝ Նիկոլ Փաշինայնին նստեցնելու են, ասեն՝ «Տղա ջան, սրանք են պահանջները: Ուզու՞մ ես ողջ դուրս գալ իրավիճակից (ընդ որում՝ ողջ ասելով ես բառացի նկատի ունեմ ֆիզիկապես ողջ-առողջ լինելը), այս քայլերը կատարիր»: Ես լուրջ ակնարկներ եմ տեսնում Արևմտյան գրանտներից սնվող անձանց կողմից այն մասին, որ վարչապետին կարող է ֆիզիկական վտանգ սպառնալ: Իրենք, իհարկե, դրանք քողարկում են իրենց անհանգստության տակ, բայց փաստացի դա ակնարկ է: Իրավիճակն այ այդքան լուրջ է»:

Դանիելյանը վստահ է, որ մայիսին այդ բանակցությունները շատ ակտիվ ընթանալու են, որովհետև բյուջեն մսխվել է.«Ընդ որում՝ մսխվել է միտումնավոր: Բոլոր այն պրոցեսները, որ մեր երկրում վերջին 10 ամսվա ընթացքում տեղի են ունեցել, պլանավորված են երկու ուղղությամբ հարվածել պետությունը՝ մեկը՝ քայքայել անվտանգության օղակները, մյուսը՝ տնտեսական ճգնաժամ ստեղծել: Երբ մարդիկ փողոց են փակում՝ անկախ պահանջից, տնտեսությունը դրանից տուժում է, իսկ երբ դա շարունակական բնույթ է կրում, տնտեսությունը կոլապսի առաջ է կանգնում: Դրան զուգահեռ Փաշինյանին հուշում էին, որ պետք է մարդկանց ասֆալտին փռել, պատերին ծեփել, պետք է անընդհատ խոսել փող բերելու մասին: Մարդն էլ,  քանի որ զրո գիտակցություն ունի տնտեսության մասին, դա ասում էր, հլու-հնազանդ լսում էր իր խորհրդականներին: Այժմ բյուջեում փող չկա, բյուջեն լցնելու համար առաջարկում են դիմել ու վարկային գիծ բացել, այդ վարկային գիծը բացելիս էլ իրեն առաջարկել են այն զիջումները, որը նա պարտավոր կլինի անել, եթե ուզում է ողջ-առողջ դուրս գալ ստեղծված իրավիճակից».-ամփոփում է Դանիելյանը:

politik.am



Նման նյութեր