Ուրեմն, ինչպես պարբերաբար տարբեր հարցազրույցների ժամանակ անդրադառնում եմ սրան, քննարկումները Կառավարությունում կարծես ծավալվում են միայն հարկային դրույքաչափերի շուրջ, իսկ հարկային բազայի վերաբերյալ քննարկումներ և առավել ևս ազդեցության գնահատականներ այդպես էլ չենք տեսնում:
Այս առումով մի կարևոր բան կա, որ ոչ ֆինանսների և ոչ էլ առավել ևս էկոմոնիկայի նախարարությունը ձայն չեն հանում: Տնտեսագիտության մեջ հակիրճ դա անվանում են պահանջարկի էլաստիկություն` ճկունություն (price elasticity of demand). Ինչո՞ւ է սա կարևոր:
Օրինակ, երբ խոսում ենք ծխախոտի հարկերը բարձրացնելու մասին, ապա պետք է հաշվի առնել, որ մեծահասակների մոտ ծխախոտի նկատմամբ պահանջարկը էլաստիկ չէ, իսկ երիտասարդների մոտ` հակառակը: Այլ կերպ ասած մեծահասակների մոտ այս գործակիցը, տարբեր գնահատականներով, 0.25-0.5 է, իսկ երիտասարդների մոտ` 0.5-1.7:
Սա նշանակում է, որ օրինակ եթե հարկերի հաշվին ծխախոտը թանկանա ասենք 20%-ով, ապա սա մեծահասակների մոտ կհանգեցնի ծխախոտի նկատմամբ պահանջարկի ընդամենը 5-10% նվազման, իսկ երիտասարդների մոտ` 10-34% նվազման: Եվ հետևաբար, նման հաշվարկներ անելով պետք է գտնել այն «ոսկե միջինը» որով համ լրացուցիչ հարկեր կներգրավվեն, համ մարդիկ կսկսեն քիչ ծխել, համ էլ տնտեսավարողները շատ չեն տուժի:
Իհարկե լավ կլիներ, որ մենք ինքներս մեր երկրում վաճառվող ապրանքների համար (առնվազն լայն սպառման ապրանքների համար) հաշվարկած լինեինք այս էլաստիկության գործակիցը: Քանի որ, ինչպես օրինակից հասկացաք, սրանով կարելի է հաշվել և գնահատել գնի փոփոխության ազդեցությունը պահանջարկի վրա` այսինքն վաճառվող քանակի: Իսկ սա առաջին հերթին անհրաժեշտ է հարկային քաղաքականության մշակման համար: Իսկ մենք (Կառավարությունը) ոչ միայն մերը չունենք, այլ նաև զարգացած աշխարհի փորձը չենք օգտագործում այս հաշվարկները անելու և օպտիմալ տարբերակ ընտրելու համար: Իսկ սա այլ կերպ անվանում են կարգավորման ազդեցության գնահատական, որ այդպես էլ չտեսանք:
Հիմա ի՞նչ եք կարծում, իրավունք ունե՞մ ասելու, որ Ֆինանսների և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները գործ չեն անում… ես վստահ եմ, որ ունեմ: Այս նախարարությունները շարունակում են հին տրամաբանության մեջ «մատից հոտ քաշելով» քաղաքականություններ «մշակել»:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: