Վարչապետի ասուլիսի սևն ու սպիտակը․ Հովհաննես Գալստյան
Advertisement 1000 x 90

Վարչապետի ասուլիսի սևն ու սպիտակը․ Հովհաննես Գալստյան

Պատանեկության տարիներին իմ վրա ահռելի ազդեցություն ունեին սյուրռեալիստները։ Անդրե Բրետոնի սյուրռեալիզմի մանիֆեստը սահմանադրության պես բան էր։ Լուիս Բունյուելի դատողությունները՝ ավետարանական ճշմարտություն։ Շատ բան է փոխվել, բայց Բունյուելի միտքն այն մասին, որ «Սյուրրռալիստները նրանք են, ովքեր հստակ տարանջատում են սևն ու սպիտակը» մինչև հիմա ինձ համար առաջնային է։ Նրբերանգները՝ երկրորդ պլանում։

***
Վարչապետի չորսուկես ժամ տևած ասուլիսի սպիտակ հատվածը ընտանիքի մասին էր։ Այն մասին, որ ընտանիքն իր հետ է եղել ամենածանր օրերին, պատճառ չի տեսնում, ինչու պետք է տարանջատվի ընտանիքից հիմա։ Մեկնաբանությունները, նրբերանգները, տարընթերցումները կարող են շատ լինել։ Այս ասածում կարելի է թաքուն ինքնախոստովանանք կարդալ այն մասին, որ հիմա, այսօր, ասուլիսի պահին էլ, Նիկոլի դժվար, ծանր օրերն են, իսկ ինքը սովոր է ծանր օրերին ունենալ ընտանիքը իր կողքին, ապավինել այդ անդավաճան ուժի աջակցությանը։ Իսկ կարելի է պատանեկան ընդվզում տեսնել՝ որ հիմա կարող է իրեն փոքր զվարճություններ թույլ տալ, արտոնություններ, որոնք ամրագրված են սահմանադրությամբ, ու ինչու ինքը չպետք է վերադարձնի իր ուղիղ խնամքի տակ գտնվողներին՝ նրանց կողմից իրեն տրված սիրո ու զոհողությունների ահռելի չափաբաժնի մի փոքր մասը։

Մեկնաբանությունները շատ են, բայց էությունը մեկն է՝ ես ինքս էլ ընտանիքի մարդ եմ ու անսահման նվիրված եմ ընտանեկան արժեքներին։ Առողջ ընտանիքը մեզ՝ հայերիս համար, ամեն ինչից բարձր է։ Հենց ընտանեկան կայուն արժեքներն են, որ մեզ պահել են այս աշխարհի վրա։ Կասկած չունեմ։ Մենք՝ հայերս, ոչ միայն հատուկ վերաբերմունք ունենք առ ընտանիք, այլև հատուկ սեր ենք տածում ցանկացած օտարի հանդեպ, ով մեզ պես ունի այդ հարգանքը։ Նաև ակնհայտորեն չենք վստահում այն մարդկանց, ում համար ընտանիքը արժեք չունի։ Վարչապետի կողմից ընտանիքին իր նվիրվածության, գուցե «ոչ դիվանագիտական» բարձրաձայնումը ինձ համար ասուլիս ամենասպիտակ հատվածն էր։

***
Ասուլիսի ամենասև դրվագը Փաշինյանի պնդումն էր, որ հեղափոխական կառավարությունը չունի տապալված ոլորտ և չկա որևէ պետական ծառայող, որը տապալել է իրեն վստահված աշխատանքը։ Ես չեմ հիշում դեպք, երբ անկախ Հայաստանի որևէ կառավարություն հայտարարեր հակառակը։ Ոլորտը տապալելու հստակ չափորոշիչների բացակայության պայմաններում, (այդպիսիքի գոյության անհեթեթության պատճառով) դժվար է միանշանակ պնդել՝ այս ոլորտը տապալել ենք կամ չենք տապալել։ Բայց ես վերադառնում եմ սյուրռելիստներին և, սևն ու սպիտակը իրարից տարանջատելով, ուզում եմ տեղեկացնել, որ ո՛չ, պարոն վարչապետ, այդպես չէ։ Կառավարությունը ամբողջությամբ տապալել է մի ոլորտ, որը մեր ազգային նույնականացման, մեր ինքնության համար արմատական նշանակություն ունի։ Դա մշակույթն է։ Կառավարությունը տապալել է այդ ոլորտի կառավարումը, նույնիսկ չեմ էլ ուզում անուն առ անուն նշել, թե ո՛ր պետական ծառայողների շնորհիվ, և այդ պետական ծառայողների ո՛ր գործողությունների արդյունքում։

Կառավարությունը տապալել է մշակույթի կառավարումը, այն հիմա կոլափսի մեջ է ու որքան վեհ է ընտանիքի հանդեպ սիրո Ձեր խոստովանությունը, նույնքան վտանգավոր է այդ ակնհայտ տապալման պարտակումը։



Նման նյութեր