«Ներկա իշխող ուժը, ինչպես նախորդը, իր շուրջ ստեղծել է իրականությունից կտրված մեկ այլ իրականություն և փորձում է սրանում նաև հավատացնել հանրությանը»
Advertisement 1000 x 90

«Ներկա իշխող ուժը, ինչպես նախորդը, իր շուրջ ստեղծել է իրականությունից կտրված մեկ այլ իրականություն և փորձում է սրանում նաև հավատացնել հանրությանը»

Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.

«Այսօր Հոդված-3 ակումբի հրավերով մասնակցեցի հարկային օրենսգրքի վերաբերյալ մի քննարկման, որտեղ բանախոսներն էին Իմ Քայլից պատգամավոր Հայկ Գևորգյանը, Բարգավաճ Հայաստանից պատգամավոր` Սերգեյ Բագրատյանը և ես:

Տպավորությունս, շատ կարճ, հետևյալն է: Տպավորություն ունեմ, որ Իմ քայլի ներկայացուցիչը չի կարևորում փաստարկված քաղաքականությունները, չի կարևորում հաշվարկի և պլանավորման դերը քաղաքականությունների շուրջ որոշումների կայացման գործում: Սրանով հանդերձ Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իմ կողմից հաշվարկների և փաստերի հիման վրա ներկայացված ռիսկերը անվանում է «կարծիք»: Իսկ որպես «հակափաստարկ» ասում է, որ հեղափոխությունն էլ հաշվարկված չէր: Հավելելով, որ սա դեռ հարկային օրեսնգրքում փոփոխությունների սկիզբն է:

Միաժամանակ, Կառավարության, ավելի ճիշտ իշխող ուժի գործունեությունից տպավորություն ունեմ, որ այս «բարեփոխումները» զգացմունքային մակարդակում են և այո, ես արդեն վստահ եմ, որ լուրջ և փաստարկված վերլուծություններ և հաշվարկներ չկան, ինչում ավելի համոզվեցի պարոն Գևորգյանի արձագանքների որակից ու տրամաբանությունից:

Եվ վերջում, տպավորությունս այն է, որ ներկա իշխող ուժը, ինչպես նախորդը, իր շուրջ ստեղծել է իրականությունից կտրված մեկ այլ իրականություն և փորձում սրանում նաև հավատացնել հանրությանը: Եթե նախորդ ուժի դեպքում նման վարքագծի շարժառիթները պարզ էին, ապա ներկա իշխող քաղաքական ուժինը` դեռ ինձ համար անհայտ են:
հ.գ.
Կրկին ասեմ, որ քաղաքականությունները, մասնավորապես այս հարկային օրենսգրքի փոփոխությունները, պատշաճ հաշվարկ հիմնավորումներով չանելու դեպքում, դրա նպատակայնությունը և հետևաբար հաջողումը մեծ կասկածի տակ է:
հ.հ.գ.
Հաշվարկներ և խիստ պլանավորում անելուն հեղափոխությամբ որպես «հակափաստարկ» հակադարձողներին (թե իբր դա էլ հաշված չէր, բա ոնց ստացվեց) ուզում եմ ասել, որ հեղափոխություն ասածը քանդելու մասին է (գործող իշխանությանը հեռացնելու), իսկ պետություն կառավարելը` կառուցելու, և հետևաբար դրանց նույն մոտեցմամբ վերաբերվելը առնվազն բարբարոսություն է, եթե ոչ` ապիկարություն»:



Նման նյութեր