Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
Հայկական տառերը՝ աշխարհի խոշորագույն որմնանկարում
Աշխարհի ամենամեծը համարվող որմնանկարը, որը զարդարում է Գերմանիայի միջնադարյան Վյուրցբուրգ քաղաքի բավարական եպիսկոպոսների պալատի նախասրահը, 677 քառակուսի մետր մակերես ունի: 1752 թվականին ստեղծված այդ լայնամասշտաբ աշխատանքի հեղինակն է վենետիկյան նկարիչ Ջովանի Բատիստա Տյեպոլոն: Ուշագրավ է, որ պատմական և առասպելական բազում կերպարներով հագեցած այդ յուրօրինակ պատկերաշարում իր պատվավոր տեղն ունի նաև հայկական այբուբենը:
Սակայն, ինչպե՞ս են հայկական տառերը հայտնվել այդ հանրահայտ համապատկերում և ի՞նչ է այն խորհրդանշում: Ճիշտ է, այդ տառերից որոշները այստեղ ձևափոխված են ներկայացված, սակայն ակնհայտ է, որ դրանք հենց հայկական տառերն են հանդիսանում: Այս հարցը գիտնականներից շատերին է հետաքրքրել, սակայն երկար տարիներ նրանց չէր հաջողվում գտնել այդ առեղծվածի ճշգրիտ պատասխանը:
Եվ ահա, 18-րդ դարի հանրահայտ որմնանկարի ծննդից մոտ երկու դար անց միայն, գերմանացի գիտնականներ Մեսերերը և Վոլկմար Շմիդտը հաստատել են Ջովանի Բատիստա Տյեպոլոյի հեղինակած պատկերում հայկական ներկայության փաստը: Նրանք հանգել են այն եզրակացության, որ հայկական տառերը ներառվել են պատկերաշարում Տյեպոլոյի սիրելի աշակերտներից մեկի՝ Ֆրանչեսկո Ջունիոյի շնորհիվ, ով որոշ ժամանակ լինելով Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանությունում, զբաղվել է հայ եկեղեցու սուրբ հայրերի դիմանկարների պատկերմամբ: Այդ ընթացքում նա ստեղծել է նաև Գրիգոր Լուսավորչի կողմից Տրդատ թագավորին մկրտելու տեսարանը, ինչպես նաև Մեսրոպ Մաշտոցի՝ հայկական այբուբենով նկարը:
Գերմանացի գիտնականների կարծիքով, չի բացառվում նաև, որ Վյուրցբուրգի բավարական եպիսկոպոսների պալատի նախասրահի որմնանկարում՝ հայկական տառերից վերև պատկերված գրիչով և ջահով ծերունին՝ դա հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի կերպարն է, որն այդպիսով խորհրդանշում է գիրը և գիտելիքների ու լուսավորության տարածումը: